Դեկտեմբերի 5-ին, ի թիվս մի շարք համայնքների, ղեկավարի ընտրություններ կանցկացվեն նաև Աշտարակ քաղաքում։ Այստեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, անկուսակցական Թովմաս Շահվերդյանը։ Թեև 2016 թվականին նա քաղաքապետ էր ընտրվել նախկինների օրոք՝ ՀՀԿ-ի աջակցությամբ, սակայն 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հասցրել է դառնալ ներկայիս իշխանությունների թեկնածուն։ Ըստ տարածված խոսակցությունների՝ վերջինս սերտ կապեր ուներ հատկապես Արագածոտնի արդեն նախկին մարզպետի՝ Դավիթ Գևորգյանի հետ, նրան ֆինանսապես աջակցում էր, Գևորգյանն էլ լոբբինգ էր անում, որ ՔՊ-ի ցուցակը Շահվերդյանը գլխավորի։ 

Նկատենք, որ ակտիվ իրականացվում է Շահվերդյանի PR-ը։ Ուշագրավ է, հատկապես, համացանցում ակտիվորեն տարածվող Белый Макс անունով երգչի ռուսալեզու տեսահոլովակը, որտեղ ներկայացվում է Աշտարակում իշխանական թեկնածու Թովմաս Շահվերդյանի նախընտրական քարոզարշավի ընթացքը։ «Красавчик», համար 1-ը, ում կողքին են բոլորը»,- ահա այսպիսի խոսքեր է երգիչը շռայլում ՔՊ-ական թեկնածուին։ 

ՔՊ-ի 80 հոգանոց ցուցակում թեկնածուներից 7-ը Աշտարակի և հարակից համայնքների համայնքապետարանների աշխատակիցներ են: Ցուցակում ընդգրկված են «Ֆասթ կրեդիտ»-ի գանձապահը, «Անի Պլաստ»-ի գլխավոր հաշվապահը, Օշական համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արամ Ներսիսյանը, Աշտարակի համայնքապետարանի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Շանթ Վահանյանը, «Արագածոտն» ՋՕԸ-ի տնօրեն Գոռ Արշակյանը, «Մոգո» ՈՒՎԿ, մասնաճյուղի կառավարիչ Ալբերտ Դատումյանը, Կոշ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը, Փարպիի միջնակարգ դպրոցի տնօրեն Բավական Հարությունյանը, Նոր Եդեսիա համայնքապետի տեղակալը, գյուղատնտես Շիրակ Հակոբյանը, անգամ Աշտարակի ՀԷՑ-ի տեղամասի պետը և այլք։ 

ՔՊ-ի թեկնածու Թովմաս Շահվերդյանի հետ Աշտարակում կմրցի «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող Ազատ Զաքարյանը, որն Աշտարակի ավագանու անդամ է և վայելում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի աջակցությունը։ Պարզվում է՝ 32-ամյա Զաքարյանը չի աշխատում: Ցուցակում ընդգրկված են «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի պահակը, Աշտարակ հայրենակցական միության հիմնադիր տնօրեն Սարիբեկ Օվոյանը, Ավանի մշակույթի տան աշխատակից Մնացական Մկրտչյանը և այլք:

Իսկ Հայ յեղափոխական դաշնակցության ցուցակը կգլխավորի Կարապետ Առաքելյանը, որը չի աշխատում: Ցուցակում 28 թեկնածուներից ամենաերիտասարդը 18-ամյա ուսանողուհի, ՀՅԴ-ական Թամարա Բաղդասարյանն է, ամենատարեցը՝ 70-ամյա Ալեքսանդր Բաբայանը, որը ԿԳ աշխատողների Աշտարակի տարածաշրջանի արհմիության նախագահն է: Դաշնակցության ցուցակում կան ուսուցիչներ, «Տելեկոմ Արմենիա»-ի աշխատակից, Նոր Եդեսիայի համայնքապետարանից, անհատ ձեռներեց «Շամիրամ ՋՈ»-ից: 

Նշենք, որ ընտրություններն անցկացվելու են Հայաստանի 38 խոշորացված համայնքներում։

Սոնա Հարությունյան