Ինչպես արդեն հայտնել ենք, սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան:
Ադրբեջանական Տելեգրամ-ալիքները հրապարակել են Սեյրան Սարգսյանի դիակի լուսանկարները, որոնցում նկատելի է, որ թշնամին իր ոճրագործությունը թաքցնելու նպատակով զինվորական հագուստ է հագցրել 65-ամյա հովվին` փորձելով միջազգային հանրությանը ներկայացնել, թե իբր նա հարձակվել է ադրբեջանցի զինվորականի վրա` վերջինիս «զենքը խլելու նպատակով»:
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, երբ ադրբեջանցի զինվորականները դաժանաբար սպանում են Արցախի խաղաղ բնակչի: