Ինչպես գիտենք՝ Երևանի բյուջեի նախագծից հանվել է վթարային վիճակում գտնվող շենքերին տրամադրվող գումարը: Եվ սա այն դեպքում, երբ շուրջ չորս տարի շարունակ քաղաքապետ Հայկ Մարությանը և ՔՊ-ական ավագանին խոստանում էին լուծել այս խնդիրը՝ Երևանը ընդհանրապես ազատելով նման կիսաքանդ շինություններից:
2018-ին՝ նախընտրական շրջանում Մարությանը մի հոլովակով էր ներկայանում, որտեղ ճեմում էր կիսաքանդ շենքերի շքամուտքերով, նստում մահվան վերելակները և խոստանում, որ շատ շուտով երևանցիները կմոռանան այդ սարսափի մասին: Երևանցիները չմոռացան, իսկ քաղաքային իշխանությունները, կարծես թե, այո: Հակառակ դեպքում դժվար է ասել, թե ինչու հանկարծ նման որոշում կայացվեց և այդ ինչ ավելի կարևոր ծախսեր ունի անելու քաղաքապետարանը, որ որոշել են վտանգել այդ շենքերում բնակվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը:
Ի դեպ, Երևանը վթարային շենքերից ազատելու խոստում տալիս էր նաև ԵԼՔ դաշինքը՝ 2017-ին: