Այսօր համացանցում տեսանյութ տարածվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին: Այնուհետև ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը պնդեց, որ տեսանյութը մոնտաժված է:

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, մեկնաբանելով տեսանյութը, նշեց, որ այն գաղտնի նկարահանվել է Փարիզի Սենատում պաշտոնական հանդիպման ժամանակ։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այնտեղ մասնակցում էր Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման մեկ տարուն նվիրված միջոցառմանը, որին հաջորդել էր պաշտոնական ընդունելությունը։ Սենատի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան կողմից հրավիրվածների թվում կային նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառման երկրորդ հատվածում, Ալեն Սիմոնյանին են մոտեցել մի խումբ երիտասարդներ և խնդրել մեկնաբանություններ տալ որոշ հարցերի շուրջ։ Ավելի քան մտերմիկ ու անկեղծ զրույց էր տեղի ունեցել վերջիններիս ու ԱԺ նախագահի միջև, քանի որ նրանք առաջին հայացքից Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ էին երևում։ Ես այնտեղ ներկա եմ եղել, եթե հարկ լիներ հարց ու պատասխանը մենք ինքներս կձայնգարեինք և հրապարակային կներկայացնեինք, այսինքն դա եղել է ոչ արձանագրային զրույց։ Այդ ընթացքում նույնիսկ Ալեն Սիմոնյանի մոտ կասկած էր հարուցել ներկա աղջիկներից մեկի հեռախոսը և նա հետաքրքրվել էր՝ արդյոք ձայնագրո՞ւմ են, սակայն հերքող պատասխան էր ստացել։ Նա մի քանի անգամ ընդգծեց, որ դա ընդամենը զրույց է երկու հայի միջև և հարկավոր չէ ձայնագրել, քանի որ որպես պաշտոնյա խոսելու պարագայում հնարավոր է, որ այդպես անկեղծ զրույց չստացվեր։ Այն եղել է սփյուռքահայի և Հայաստանում ապրող հայի զրույց, որը նաև իշխանության ներկայացուցիչ է և որից անկեղծ պատասխան են սպասում իրենց իսկ հանգստության համար»,- նշեց նա։

ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը տեսանյութը հանդիպումից հետո մոնտաժված տարբերակով հրապարակելն անբարոյականություն որակեց։

Նշենք, որ այսօր սկանդալային տեսանյութ է տարածվել համացանցում, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասում է«Կներես, ես համարում եմ, որ էդ գերիները չկան»: Այնուհետև, «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում տարածեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սկանդալային տեսաձայնագրության ամբողջական տարբերակը և գրել. «Բնականաբար մենք էդ տղեքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Իրականում ի՞նչ է ասել Ալեն Սիմոնյանը (ամբողջական տեսաձայնագրություն)»։