Կալիֆոռնիայի Սան Դիեգոյից մի զույգ ծախսել է 100 հազար դոլար ամուսնալուծության գործընթացի վրա, սակայն ավելի ուշ որոշել է հարաբերություններին երկրորդ հնարավորություն տալ և նորից ամուսնանալ, հաղորդում է Daily Mirror-ը։
Բրիտանին և 32-ամյա Ուեյլենդ Սաբոն ծանոթացել են դեռահասության տարիներին' ալկոհոլից կախվածություն ունեցողների վերականգնողական կենտրոնում: Ամերիկացիները սիրահարվել են և ամուսնացել 2011 թվականին։
Սկզբում ամուսինների հարաբերությունները լավ էին, և շուտով նրանք դարձան երեք երեխաների ծնողներ։ Սակայն, ինչպես խոստովանել է Բրիտանին, երեխաների ծնվելուց հետո ամուսնությունը սկսեց խզվել, և զույգը նորից սկսեց խմել։ «Խոսքը միայն ալկոհոլի մասին չէր: Կային վարքագծի բազմաթիվ այլ կործանարար մոդելներ: Մենք շատ կախված էինք միմյանցից, և դրանում ոչ մի լավ բան չկար», - ասել է կինը: 2019 թվականին Սաբոն ամուսնալուծության հայց է ներկայացրել և սկսել գույքը կիսելու թանկարժեք գործընթացը։
Ամուսնուց բաժանվելուց հետո Բրիտանին շարունակել է շատ խմել, և հետագայում խնդիրներ է ունեցել իր հոգեկան առողջության հետ կապված: Արդյունքում կինը կորցրել է երեխաների խնամակալությունը։ Քանի որ ամերիկուհին չէր ցանկանում կորցնել երեխաներին, նա ժամանակավորապես տեղափոխվել է ծնողների մոտ, թողել խմելը և սկսել այցելել հոգեբույժի։ Ուեյլենդը աջակցում էր իր նախկին կնոջը. նրանք ավելի ու ավելի շատ ժամանակ էին անցկացնում միասին և ինչ-որ պահի որոշեցին թարմացնել հարաբերությունները՝ կրկին ընտանիք կառուցելու համար:
«Մենք երկուսս էլ անկեղծորեն ներողություն խնդրեցինք իրարից։ Մենք հասկացանք, թե որքան ենք վիրավորել միմյանց», - ասել է Բրիտանին: Նա այժմ հայտնի մարդ է TikTok-ում և իր հետևորդների հետ խոսում է իր սթափության և երջանիկ ընտանեկան կյանքի մասին: Նրանք դեռևս վճարում են փաստաբաններին' ամուսնալուծության գործընթացում նրանց ծառայությունների համար։