«Հայաստանում բուռն քննարկվում է փոքրիկ երգչուհի Մալենայի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում, բայց ավելի շատ քննարկվում է այն լուսանկարը, որտեղ նա գրկել է ադրբեջանցի մասնակցին։ Շատերը գրում են, որ սա սադրանք է և արհեստականորեն պարտադրված խաղաղության խաղ, մինչդեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիան, սպանությունները, պատանդառությունը, թալանն ու Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Մյուսներն ասում են, որ խաղաղությանն այլընտրանք չկա»,֊ֆեյսբուքյան իր էջում գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Իմ կարծիքն այս ամենի մասին այն է, որ պետք է սովորել, ինչպես հրեաներն են ասում, «միսը կաթից առանձնացնել»։ Արդյո՞ք ես կընդունեի արաբին՝ հաշվի առնելով արաբաիսրայելական երկարատև հակամարտությունը: Ես դա արել եմ մեկից ավելի անգամ՝ առանց որևէ խնդիրների: Եթե մարդը նորմալ է, և նա իմ ընկերն է, ապա ինչու ոչ։ Բայց դա չի նշանակում, որ, գրկելով արաբին, ես կաջակցեմ Սիրիայում իսլամիստներին կամ Սուդանի ու Պակիստանի բռնապետերին։ Իմ էմոցիաներն ուղղված են կոնկրետ անձին ու քաղաքականության հետ կապ չունեն։ Այսօր մենք գրկախառնվեցինք, իսկ վաղը կհանդիպենք մարտի դաշտում ու, հավանաբար, մեր կանանց այրի կդարձնենք։ Սա նորմալ է»,֊գրում է Լապշինը:

 
 

«Իհարկե, առանց Ադրբեջանի ղեկավարության հրահանգի՝ «Եվրատեսիլում» ոչ մի գրկախառնություն չէր լինի։ Սա փորձնական փուչիկ է․ Հայաստանում և Ադրբեջանում հասարակության արձագանքը փորձարկվում է։ Ադրբեջանցիների բացասական արձագանքից ապահովագրվելու համար այս մահմեդական պետության բոլոր լրատվամիջոցները հրապարակել են հոդվածներ, որ «Եվրատեսիլի» ենթադրյալ հայ հաղթողն ինքը խնդրել է ադրբեջանցիներին աջակցել իրեն։ Պարզ ասած, Ադրբեջանում  սովորական ֆեյք օգտահաշիվ է բացվել փոքրիկ Մալենայի անունով, և, ըստ Բաքվի, հայուհին գրում է «Ստեփան» օգտահաշվից, այն էլ՝ ադրբեջաներեն։ Ալիևի անգրագետ քարոզչության ձեռագիրը հստակ զգացվում է, համաձայնեք։

Ալիևների կլանը Հայաստանի հետ խաղաղության կարիք չունի, այլ միայն Հայաստանում հայրենասիրական ուժերի թուլացման կարիք ունի։ Այսինքն՝ շարունակում են ցեխ շպրտել հայ ժողովրդի ու պետության վրա, թալանել ու սպանել, պատանդ վերցնել ու խոշտանգել ծերերին, բայց իրենք հայերին սեր են պարտադրում Ադրբեջանի հանդեպ։ Այն, ինչ տանկերով չկարողացան տանել, փորձում են տանել քարոզչական, կոռուպցիոն սխեմաներով։

«Եվրատեսիլում» գրկել ադրբեջանցո՞ւն։ Ինչո՞ւ ոչ։ Պարզապես սովորեք առանձնացնել «միսը կաթից»։ Իսրայելը ուրախ է սեր և բարեկամություն խաղալ արաբների հետ՝ չմոռանալով ռազմական բյուջեի մշտական ավելացման, հատուկ ծառայությունների արդյունավետ աշխատանքի և ցանկացած սադրանքների ու ագրեսիայի նկատմամբ կոշտ արձագանքի մասին։ Սովորելու շատ բան կա։

Անձամբ ես իմ կյանքում մի քանի անգամ գրկախառնվել եմ ադրբեջանցիների հետ, նրանք բոլորը քաղաքական էմիգրանտներ են եղել Եվրոպայում։ Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մենք ընդհանուր թշնամի ունենք՝ Ալիևի ռեժիմը, ես այս շարքային ադրբեջանցիների հետ կիսելու ոչինչ չունեմ, ես նրանց նկատմամբ ատելություն չունեմ, նրանք չեն, որ ինձ խոշտանգել և տանջել են Բաքվի բանտում, և նրանք պատասխանատվություն չեն կրում Ալիևի ռեժիմի հանցագործությունների համար»,֊գրում է Ալեքսանդր Լապշինը։