Ինչպես գիտենք՝  Նոյեմբերյանում քաղաքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «50+» տոկոս ձայն չէր հավաքել նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, հետևաբար միանձնյա իշխանություն կազմել չէր կարող: Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացված Նոյեմբերյանում ՔՊ-ն, ի դեմս թեկնածու Կարեն Աբազյանի, հավաքել է 5710 ձայն` 43.7 տոկոս։

Սակայն ՔՊ-ն ոչ մի կերպ չի հաշտվում պարտության հետ և, ըստ մամուլում տարածված տեղեկության, որոշել են հարամել երդմնակալությունը՝ իրենց կողմնակիցներին բերելով համայնքապետարան ու բախումներ հրահրելով, ինչպես Փարաքարում։ Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ պարտության հետ չհաշտվող Աբազյանը նախկինների՝ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ է, եւ հենց մարզի ՀՀԿ-ականներն են այսօր պայքարում ՔՊ-ին ընդդիմություն դարձած համայնքային նոր իշխանությունների դեմ: 

 
 

Զավեշտն այստեղ կայանում  է նրանում, որ տարիներ առաջ Փաշինյանի ընտանիքին պատկանող մեդիան Կարեն Աբազյանին թիրախավորում էր իբրև ՀՀԿ-ի հետ աշխատող թեկնածուի: Գրում էին նաև այն մասին, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Աբազյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի աջակցությունն է ունեցել: Հոդվածի վերնագիրն էլ է ուշագրավ՝ «ՀՀԿ-ականները իրար դեմ են դուրս եկել» : Ինչպես տեսնում ենք՝ նրանք միմյանց դեմ են դուրս եկել նաև այսօր, սակայն, նրանցից մեկն արդեն` ՔՊ-ի թեկնածուի կարգավիճակում: Մեկ այլ հոդվածում էլ Փաշինյանի ընտանեկան կայքը գրում էր, որ Աբազյանն իրեն ընդդիմադիր չի համարում: