Կառավարությունը որոշում է կայացրել ազատել մաքսատուրքից «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը: Կառավարության սույն որոշումը պայմանավորված է «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ:

«ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ծխախոտի արտադրության համար (ք. Երևան): Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Դրիմքոմփանի ընկերության ռազմավարությունը միտված է սեփական արտադրանքը արտաքին շուկաներում ներկայացնելուն, որի նպատակով նախատեսվում է արտադրանքի 80%-ի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11․9մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2024թ ստեղծել 100 նոր աշխատատեղ' մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937․7 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։