ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում խոսել է Ղազախստանից խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործողության մեկնարկի մասին։
«Երկիրը վերադառնում է բնականոն կյանքին, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների և առաջին հերթին այն տղաների շնորհիվ, ովքեր այժմ գտնվում են այս մարտական կազմում։ Նրանք ազնվորեն կատարել են իրենց մարտական պարտքը և Ղազախստանին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն և օգնություն»,- Ալմաթիում ասել է Ստանիսլավ Զասը։
Նա ընդգծել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները դաս են ՀԱՊԿ բոլոր անդամների համար։
«Սա շրջադարձային է: Կազմակերպության գոյության 20 տարիների ընթացքում առաջին անգամ մենք իրականում օգտագործեցինք մեր պաշտպանական ներուժը: Իրականում ես կցանկանայի, որ մենք մեր հմտությունները կիրառեինք միայն զորավարժարաններում»,- ասել է Զասը:
Միաժամանակ, նա նշել է, որ կազմակերպությունն ինքն է ապացուցել իր արդյունավետությունը։
«Այն համակարգը, որը ստեղծվել է ՀԱՊԿ-ում, աշխատում է, այն խնդիրները, որոնք դրվել էին խաղաղապահների առջև, նրանք կատարել են, առջևում վերջին՝ զինվորների դուրսբերման փուլն է։ Իրավիճակը Ալմաթիում ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ»,- ընդգծել է Զասը։