Անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 50 բեռնատար ավտոմեքենա Է կանգնել մնացել Ռազմա-վրացական ճանապարհի ռուսաստանյան կողմում. ավտոմեքենաները գտնվում են Հյուսիսային Օսիայի Վերին Լարս մաքսային անցակետում:

Այդ մասին հաղորդում են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները: Նախորդ օրը երեկոյան Վրաստանի իշխանությունները ձյան ինտենսիվ տեղումների պատճառով սահմանել են բեռնատար ավտոմեքենաների երթեւեկության արգելք: Մասնավորապես արգելքը գործում Է կցանքով կամ կիսակցանքով ավտոմեքենաների համար միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի պատվածում:

«Հունվարի 20-ի առավոտվա դրությամբ Վերին Լարս մաքսային անցակետում գտնվում են 53 մեծաբեռնատար ավտոմեքենաներ»,-արտակարգ ծառայության ներկայացուցչի խոսքը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին գործակալությունը: Նա հավելել Է, որ վարորդների համար պատրաստվել Է սննդի եւ տաքանալու 12 ստացիոնար կետ: Հունվարի սկզբին 340 բեռնատար Էր կուտակվել Ռազմա-վրացական ճանապարհի ռուսաստանյան կողմում: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, այսպես կոչված՝ Ռազմա-վրացական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որ Վրաստանը եւ Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի- Վերին Լարս մաքսային անցակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն Է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել Է Sputnik-ը: