Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոստային և սուրհանդակային ճանապարհով ՀՀ ներմուծվող առաքանիների նկատմամբ մաքսային հսկողությունը նախնական փուլում իրականացվում է զննող սարքերի միջոցով։ Սակայն, լինում են դեպքեր, երբ քաղաքացիների պատվիրած առաքանիներն անհրաժեշտ է լինում բացել և հավելյալ զննել: Օրինակ, երբ մաքսային մարմինները կասկածում են, որ առաքանու պարունակությունը կամ արժեքը չեն համապատասխանում հայտարարագրվածին: Այս դեպքում մաքսային մարմինն առաքանին կարող է բացել միայն քաղաքացու կամ իր լիազորած փոխադրող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ։

Հետևաբար, այն դեպքերում, երբ փոխադրող կազմակերպությունը տեղեկացնում է, որ ապրանքը մաքսային մարմիններում է, քաղաքացին կարող է լիազորագիր տրամադրել փոստային և սուրհանդակային կապի բնագավառում առաքանիների փոխադրմամբ զբաղվող կազմակերպությանը, որպեսզի քաղաքացու փոխարեն կազմակերպության ներկայացուցիչը մասնակցի ապրանքի զննման գործընթացին: Այդպիսով մաքսային մարմիններ այցելելու հավելյալ անհրաժեշտություն չի լինի:

Նշենք, որ մի շարք փոխադրող կազմակերպություններ լիազորագրի միջոցով մատուցում են վերը նշված ծառայությունները: