Ինչպես հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, փետրվարի 18-ին Հայկական նրբանցքում տեղի է ունեցել դիվանագիտական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին:
Հատկանշական է, որ սա նոր պաշտոնում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի առաջին հրապարակային միջոցառումն էր: Ըստ տարածված հաղորդագրության, հանդես գալով ընդունելության ժամանակ, նա նշել է. «Ես վստահ եմ, որ մեր պետությունների միջև ակտիվ համագործակցությունը հետագայում էլ է արդյունավետորեն շարունակվելու: Դրան, անշուշտ, նպաստում է մեր երկրների միջև ռազմաքաղաքական երկխոսությունը: Նշեմ, որ Հայաստանը՝ հանձին իր բարձրագույն ղեկավարության, առանձնակի կարևորություն է տալիս հայ-ռուսական ռազմական համագործակցության ամբողջ ներուժի զարգացմանը, այդ թվում` մեր հանրապետության Զինված ուժերի արդիականացմանն ուղղված ներկա համատեղ աշխատանքներին»:
Գեներալ-մայոր Արմեն Լալայանը, դեսպանության ռազմական կցորդը, խոսել է ընթացիկ ռազմատեխնիկական համագործակցության առանձին կողմերի մասին, ինչպես նաև հետևողական համագործակցության համար շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին:
Թեև ըստ դեսպանության հաղորդագրության ընդունելությանը ներկա են եղել ՌԴ ԱԳՆ և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, բայց զարմանալի է, որ միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ոչ թե գործող պաշտոնատար անձ դիվանագիտական կամ ռազմական գերատեսչությունից, այլ պաշտոնաթող դեմք` ՌԴ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Բալուևսկին (նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2004-2008 թթ.):
Ընդունված է համարել, որ դիվանագիտական ընդունելությունները բացահայտող նշանակություն ունեն և յուրօրինակ ստուգատես են հանդիսանում. դրանց ներկա են լինում այն գերատեսչությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները և գործիչները, որոնց հետ աշխատում է դիվանագիտական ներկայացուցչությունը: Այս իմաստով ներկա ընդունելությունը երևակել է ռուսաստանյան գործընկերների հետ հայկական դեսպանության փոխգործակցության մակարդակը Հայաստանի և Արցախի համար այնպիսի հրատապ և կենսական հարցերի շուրջ, ինչպիսիք են ռազմաքաղաքական համագործակցությունը և ժամանակակից ու մարտունակ բանակի կառուցումը:
Հաղորդվում է, որ ընդունելությանը ներկա են եղել նաև Մոսկվայի հայ համայնքի գործիչները:
Իրոք, դեսպանության տարածած նյութերում նույնիսկ երևում է, որ հայ գործիչները գերակշռում են դիվանագիտական ընդունելությանը, թեև միջոցառման բնույթը և բովանդակությունը հակառակն է պահանջում: Ավելին, ընդունելությանը ներկա հայրենակիցների մեծ մասը չեն հանդիսանում հասարակական, կրթամշակութային և վերլուծական հաստատությունների ներկայացուցիչներ, այլ անհատներ են: Ակնհայտ է, որ այս դիվանագիտական ընդունելության հրավերի հարցում դրսևորվել է ոչ թե համակարգային, այլ միայն դեսպանության համապատասխան աշխատակիցներին հայտնի մոտեցում:
Dialogorg.ru տեղեկատվական-վերլուծական պորտալին մնում է նորանշանակ դեսպան Վաղարշակ Հարությունյանին մաղթել, որ ըստ կարելիության որքան հնարավոր է արագ հաղթահարի նշված խնդիրները և դեսպանության գործունեությունը բարձրացնի բոլորովին նոր մակարդակի: Գաղտիք չէ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման, Հայաստանի ու Արցախի անվտանգության և առաջընթացի ապահովման գործում շատ բան հենց դրանից է կախված: