Երևանում մեկնարկած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) բյուրոյի և հանձնաժողովների նիստերին, որոնց կմասնակցեն Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպական միության խորհրդարանի անդամները, քննարկման է դրվել հակառուսական հարց, որը մինչ այդ չէր ներառվել հաստատված օրակարգում: Ընդ որում, ՀՀ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել այդ բանաձևին, սակայն, դեմ էլ չէր՝ ձեռնպահ էր:

Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ այս կամ այն դաշնակից, գործընկեր պետության մասին Հայաստանում դեֆերամբներ երգող ՔՊ-ական պաշտոնյաները տարբեր միջազգային կառույցներում, վեհաժողովներում դրսևորում են վարքագիծ, որը բնավ էլ գործընկերային չես անվանի:

Բոլորի հիշողության մեջ թարմ է Ռուբեն Ռուբինյանի հակառուսական բանաձևին կողմ քվեարկելը ԵԽԽՎ նիստի ժամանակ, որից հետո հայկական պատվիրակությունը ստիպված էր մեղայականով հանդես գալ և անուհետև մերձեցման երեկոներ կազմակերպել ռուս պատվիրակների հետ՝ դրվագը հարթելու համար:

ՔՊ-ականների դիվանագիտական ներուժն այնքան խորն է, որ վերջիններս չզլացան միանալ նաև հակաչինական ալյանսին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը միացել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի կողմից նախաձեռնած «Համաշխարհային կրոնական ազատության» ալյանսին: Այս ալյանսը լուրջ անհանգստություն է առաջացնում Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության մոտ, որովհետև այս երկրներում կարծիք կա, որ ալյանսի հիմնական գործունեությունն ուղղված է լինելու հենց իրենց երկրների դեմ։ Չինացիները կարծում են, որ այն ուղղված է լինելու Տիբեթի խնդրի դեմ և անդամակցությունը մեզ համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել չինացիների հետ հարաբերություններում

Ամիսներ առաջ հերթական ուշագրավ դրվագը արձանագրվեց ԱՄՆ կոնգրեսում: Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը (Սերժ Սարգսյանի նախկին օգնականը), ում ներկայությամբ Արսեն Խառատյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին' նշելով, որ առանց այդ երկրի աջակցության Հայաստանում հեղափոխություն չէր լինի, իսկ Դանիել Իոաննիսյանի ելույթի հակառուսական հայտարարություններին կնախանձեր ցանկացած հակառուս գործիչ: Ինչ վերաբերում է պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ապա վերջինս այնքան էր ոգևորվել հեղափոխականի իր կերպարով, որ նիստ վարող կոնգրեսական Վեյսին ստիպված նրան կոչ է արել մի քիչ համազուսպ լինել և կարճ կապել:

2019-ին ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան իր 73-րդ նստաշրջանում ընդունել է բանաձև, որը Վրաստանը նախաձեռնում է 2008թ-ից սկսած, Աբխազիայում և Հարավային Օսիայում փախստականների կարգավիճակի վերաբերյալ: Հայաստանը, որը ամեն տարի դեմ էր քվեարկում այդ բանաձևին, այդ տարի առաջին անգամ ձեռնպահ է մնացել:

Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ականների մոտ դեռևս առկա է երկու աթոռին միաժամանակ նստելու ցանկությունը, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ նման միտումներից ինքն ու իր թիմը հեռու են և բոլոր գործընկերների հետ բաց և թափանցիկ աշխատելու կողմնակից են...