Չկարգավորված արցախյան հակամարտության պայմաններում Հայաստանում մշտապես քննարկումների առանցքում է եղել՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց որդիները և այլ մերձավորներ անցել են պարտադիր զինվորական ծառայություն: 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, օրենքը հավասար է լինելու բոլորի համար։ «Ես ջանքեր պետք է գործադրեմ, որ այս սկզբունքն առաջինը գործի իմ շրջապատի, իմ հարազատների նկատմամբ ու հպարտ եմ հայտարարել, որ առաջիկա զորակոչին իմ որդին, որը պետք է մեկնի ժամկետային ծառայության, դիմում է գրել, որ կամավոր հիմունքներով ծառայությունը անցկացնի Արցախում»,- ասել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր ուշադրության կենտրոնում է լինելու պաշտոնյաների՝ այդ թվում նախարարների որդիների ծառայել-չծառայելու հարցը։

Փաշինյանն ասել էր, որ ուսումնասիրելու են վերջիններիս՝ պարտադիր ժամկետային ծառայությունից ազատման օրենքով նախատեսված հիմնավոր ու օրինական պատճառներ եղել են, թե չէ, իսկ եթե չեն եղել, վերջիններս պետք է ծառայեն` «ինչպես թավշյա հեղափոխությունն անցկացրած պատանիները»։

Դեռևս 2018 թվականի հուլիսի 26-ի Կառավարության նիստում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմիններին հանձնարարել էր ստուգել նախկին և ներկա պաշտոնյաների որդիների` զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը: Սակայն, 2018 թվականից մինչ այժմ չկա որևէ նախկին/ներկա պաշտոնյա կամ պաշտոնյայի որդի, որը զինվորական ծառայությունից ապօրինի ազատվելու մեղադրանքով հայտնվել է դատարանի առաջ: Նախկին պաշտոնյաների որդիների առնչությամբ հարուցված քրեական գործերն էլ կարճվել են՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դիցուք՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն` Վահագն Արսենյանին ևս մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Սակայն, նրա նկատմամբ քրեական հետապնդումը ևս դադարեցվել է, հարուցված քրեական գործը` կարճվել: Իսկ ինքը` Արսենյանն, արդեն իսկ ՔՊ ցուցակով ընտրված քաղաքապետ է:

Նման ճակատագրի է արժանացել նաև Գյումրու նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ հարուցված քրեական գործը:

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի որդին և եղբորորդին ևս ներգրավված էին քրեական գործում՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու հատկանիշներով: Այս քրեական գործը ևս կարճվել է:

Նախկինում մամուլը գրում էր, որ զինծառայությունից անհայտ պատճառներով ազատվել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի որդին: Գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանի որդին՝ Էդուարդ Առաքելյանը նույնպես ինչպես վերը նշված պաշտոնյաների որդիները բանակ չի զորակոչվել։ «ՄԱՊ» ՓԲԸ սեփականատեր, նախորդ գումարման խորհրդարանի հանրապետական նախկին Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը, նույնպես չի ծառայել բանակում: Շեշտենք, որ մենք ընդհամենը ընդգծում ենք տվյալ անձանց բանակում չծառայելու հանգամանքը և նշում, որ, ըստ էության, Փաշինյանի իշխանությունն այդպես էլ չստուգեց՝ օրենքի սահմանում էին այդ տարկետումները, թե ոչ:

Չգտնվեցին նաև գործող պաշտոնյաներ և նրանց որդիները, ովքեր օրենքի խախտումով ազատված լինեին զինված ուժերում ծառայելուց: Հիշեցնենք միայն, որ Զինծառայությունից ազատված են իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ և Վլադիմիր Ղալումյանները: Զինծառայությունից ազատված է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդին՝ Հովսեփը: Զինծառայությունից ազատված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակ և Նարեկ Հովակիմյանները:  Զինծառայությունից ազատված է այժմ իշխող ուժի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի որդին՝ Սուրեն Խաչատրյանը: Խաչատրյանը 1990 թվականից սկսած պետական պաշտոնյա է եղել, զբաղեցրել է տարբեր պաշտոններ:  Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խուսափում է զինվորական ծառայությունից իր ազատմանն անդրադառնալուց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար, Արտաքին գործերի նախարարի նախկին խորհրդական Վահան Կոստանյանը նույնպես ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նույնպես ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Բանակում չի ծառայել նաև ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Իր թիմակիցների բանակից ազատվելու փաստը Փաշինյանը նույնպես ուսումնասիրության առարկա չդարձրեց, իսկ եթե անգամ դարձրեց, ապա որևէ հակօրինական տարր այստեղ չգտավ: Արդյունքում, պետք է փաստենք, որ շուրջ չորս տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չգտավ գեթ մեկ նախկին պաշտոնյա, պաշտոնյայի որդի, գործող պաշտոնյա կամ գործող պաշտոնյայի որդի, ով օրենքի խախտումով ազատված կլիներ զինված ուժերում ծառայելուց և կպատժվեր: