Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև՝ ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։
Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից, նշելով, որ մասնավորապես, մարտի 9-ին ժամը 14։00-14։30-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։