Մինչ Նիկոլ Փաշինյանը գովերգում է նորաստեղծ պարեկային ծառայությունը, պարզվում է՝ այստեղ էլ ամեն բան հարթ չէ և առկա են խնդիրներ: Օրերս պարզ դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3 աշխատակցի և 2 քաղաքացու նկատմամբ, պարեկներից մեկը ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հակակառուպցիոն կոմիտեն տարբեր քրեական գործերով ձերբակալել է ոստիկանության պարեկային ծառայության 17 աշխատակից, ընդ որում նույն օրը:
Այդ նույն օրերին տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն, որն առաջին հայացքից որևէ կերպ նախորդ իրադարձությունների հետ կապված չէ: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ազատվել է աշխատանքից։ Նշենք, որ Խաչատուր Սամվելյանն ավելի վաղ զբաղեցրել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ավագ տեսուչի, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետի պաշտոնները: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ս. Սամվելյանը ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։
Խաչատուր Սամվելյանը ՔՊ-ական պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի քրոջ որդին է: Այստեղ, իհարկե, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդքան լավ աշխատող և ամեն առիթով գովերգվող գնդի հրամանատարին աշխատանքից ազատելու որոշում կայացնում: Արդյո՞ք այդ քայլը որևէ կապ ունի կոռուպցիոն բացահայտումների հետ, քանի որ իրադարձություններն ակնհայտ կերպով համընկնում են և հանրությանն էլ իր հերթին որևէ բացատրություն չի տրվել, թե փայլուն' ըստ Փաշինյանի, աշխատող գնդի պետը ինչու է հեռացվում: Քանի որ ներկայիս պատգամավորը նախկինում բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել ՃՈ-ում, այժմ էլ հանդիսանում է Փաշինյանի քաղաքական թիմի կարկառուն անդամ, ապա չի բացառվում, որ վերջինս կարող էր որոշակիորեն միջամտել՝ ազգականին ինչ-ինչ տհաճ պատմություններից մաքուր դուրս բերելու համար, որպեսզի ամեն բան ավարտվեր ոչ թե ասենք հետաքննությամբ, այլ կադրերի ռեզերվով: Երբ չի ներկայացվում որևէ հիմնավորում, հատկապես երբ գործ ունենք պաշտոնյայի ազգականի հետ, ապա հանրության մոտ, ինչ խոսք, կարող են առաջանալ նման մտավախություններ: