Մինչ հեղափոխությունը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը թերևս ամենաքննադատված պաշտոնյաներից մեկն էր: Նրա ղեկավարման տարիներին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը որևէ քիչ թե շատ շոշափելի արդյունք և հաջողություն չգրանցեց` մշտապես հետ գնալով դասակարգման աղյուսակում, եղան նաև կոռուպցիոն սկանդալներ: Անգամ ֆեյսբուքում խումբ էր բացվել, որը այդպես էլ կոչվում էր՝ «Պահանջում ենք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը»:
Հայրապետյանին մեղադրում էին նաև Հայաստանի առաջնությունում ընդգրկված ակումբների թիվը չավելացնելու մեջ: Նշում էին, որ Ադրբեջանի Պրեմիեր լիգայում խաղում է ութ թիմ, իսկ առաջին խմբում՝ 14, ընդ որում, ոչ թե Պրեմիեր լիգայի թիմերի երկրորդ կազմերը, այլ բոլորովին այլ եւ առանձին ակումբներ: Իսկ ՀՀ առաջնությունում 4-5 ակումբ՝ լավագույն դեպքում: Կոռուպցիոն սկանդալներից կարելի է առաձնացնել այն դեպքը, երբ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խնդիր է դրել ԱԺ պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանից խլել նրա տնօրինմանը հանձնված ֆուտբոլային մարզադաշտերը:
Անգամ ԱՄՆ-ում գործող մարզական 4 կազմակերպություններն էին հանդես եկել համատեղ հայտարարությամբ` պահաջնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անհապաղ հրաժարականը: Նրան մեղադրում էին անարդյունավետության, պատվի և պատվախնդրության իսպառ բացակայության, կոռուպցիոն կապերի, քրեական կապերի մեջ:
Հեղափոխությունից հետո ՀՖՖ նախագահը հրաժարական տվեց` իր պաշտոնը փոխանցելով այն ժամանակվա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ով նույնպես տվյալ դիրքում ոչնչով աչքի չընկավ: Այնուհետև սկսվեց ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի էպոխան, ում, ըստ լրատվամիջոցների, այդ պաշտոնում նշանակվելու համար ընտրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Այդ նույն ժամանակ Փաշինյանը և ՀՖՖ նախագահը բավական հավակնոտ խոստումներ էին շռայլում` խոստանալով հասնել նրան, որ 2050 թվականին ֆուտբոլի մեր ընտրանին դառնա աշխարհի կամ եվրոպայի առաջնության մեդալակիր; Այն, ինչ եղավ դրանից հետո, անչափ հուզիչ էր: Իսկ եղավ այն, որ ընտրանին տապալեց թե աշխարհի, թե եվրոպայի առաջնության ընտրական փուլերը` վերջին երեք խաղում պարտվելով 4:0, 6:0 և 9:0 հաշիվներով: Հայաստանի առաջնությունից անհասկանալի պատճառներով դուրս մնացին բազմաթիվ ակումբներ, իսկ թիմերի 70 տոկոսը շարունակում է կոմպլեկտավորվել արտասահմանցի խաղացողներով, որովհետև ոչինչ չի արվում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: Մելիքբեկյանը հայտնվեց նաև կոռուպցիոն սկանդալի կիզակետում, երբ հենց Ռուբեն Հայրապետյանի կողմից մեղադրվեց ՀՖՖ ֆինանսական միջոցները յուարցնելու մեջ: Գործը, իհարկե, ջրվեց: Ավելին՝ չեն բացվում ֆեյսբուքյան էջեր Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով, մարզադաշտերում ակցիաներ չեն իրականացվում, Արմեն հեռացիր որևէ մեկը չի վանկարկում, իշխանություններն էլ աչք են փակում, որ իրենց տված խոստումն օր օրի Մելիքբեկյանի շնորհիվ դառնում է անիրականանալի և ֆանտաստիկայի ժանրից:
Ինչպես տեսնում ենք՝ այն, ինչ չէր կարելի և չէր ներվում Ռուբեն Հայրապետյանին, հեշտությամբ մարսում է Արմեն Մելիքբեկյանը: