ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ենթարկվում է հոգեբանական խոշտանգման. այս մասին հայտարարվում է նախկին ՊՆ ղեկավարի փաստաբանական խմբի հայտարարությունում։
«Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանը խտրական կերպով պահվում է կալանքի տակ: Դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ: Ավելին, հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին: Փաստացի 3 ամիս է՝ դատարանը անգործության է մատնված: Սա գնահատում ենք որպես հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Դ.Տոնոյանը հայտարարել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ միաժամանակ պահանջելով հրապարակային քննություն:
Նիստը նախագահող դատավոր Մնացական Հարությունյանի այն հարցին, թե որն է, ըստ նրա, դատական նիստերը դռնփակ անցկացնելու նպատակը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ որպեսզի հանրությունը չտեսնի առաջադրված մեղադրանքների սին լինելը:
Դ.Տոնոյանը վերաքննիչ դատարանում հայտարարել է նաև, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ փուլում նպաստել է ՀՀ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը, որի վառ ապացույցն է այն, որ ի հեճուկս այն հայտարարություններին, թե իբր ձեռք բերված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հակառակը:
Մեկ այլ կարևոր հանգամանք, որն իրական սպառնալիք է ՀՀ զինված ուժերի համալրման և մարտունակության բարձրացման համար. համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում խնդրո առարկա զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով, քանի որ զինամթերքի շահագործման վրա արգելք է դրված», - ասված է հաղորդագրությունում։