Ուկրաինայում պատերազմը կարող է տևել շաբաթներ, ամիսներ կամ նույնիսկ տարիներ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ աշխարհը պետք է պատրաստ լինի Ուկրաինայում երկարատև հակամարտությանը։

«Եթե պատերազմը ձգձգվի, հիմնական բեռը կընկնի ուկրաինացիների վրա, որոնք «ավելի շատ կտուժեն, ավելի շատ մահ ու ավերածություն կտեսնեն», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Միևնույն ժամանակ, ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին ստիպում են թանկ գին վճարել՝ այս ժամանակը կրճատելու նպատակով։

Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքը Ուկրաինային օգնություն կտրամադրի կիբերհարձակումներից պաշտպանության ոլորտում, ինչպես նաև պաշտպանության միջոցներ կտրամադրի Ռուսաստանի կողմից քիմիական կամ կենսաբանական հարձակման դեպքում։

«Իհարկե, քանի դեռ պատերազմը շարունակվում է, Ուկրաինայի սահմաններից դուրս էսկալացիայի վտանգ կլինի, և ՆԱՏՕ-ն հենց դրա վրա է կենտրոնանում՝ կանխել այդ էսկալացիան»,-ասել է նաև գլխավոր քարտուղարը։