Ապրիլի 8-ին ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորները նշել են, որ պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում առաջարկվում է՝ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։
Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հիմնադիր Շուշան Դոյդոյանի հետ, որն ասաց հավատարմագրումը բացառապես տեխնիկական հարցի լուծման է միտված, և երբ այն ստանում է բովանդակային բնույթ, կորցնում է իր նշանակությունը.
«Բազմիցս ասել ենք, որ հավատարմագրումը բացառապես ուղղված է տեխնիկական հարց լուծելուն. օրինակ՝ եթե շենքի պայմանները թույլ չեն տալիս տեղավորել բավարար չափով լրագրողների, այս նպատակով կարող է օգտագործվել հավատարմագրումը, որպեսզի պետական մարմինը իմանա, թե ովքեր են հավատարմագրված որպեսզի նրանց ֆիզիկական մուտքը կառույցի շենք առավել հարմար լինի բոլորի համար: Եվ հիմա, եթե հավատարմագրմանը մենք տալիս ենք բովանդակություն՝ օրինակ ասում ենք՝ եթե լրագրողը սա է արել, ուրեմն զրկում ենք հավատարմագրումից, այսինքն դարձնում ենք մահակ լրագրողների գործողությունների համար, այս դեպքում դա ուղղակի դառնում է գրաքննության գործիք»,- նշեց մեր զրուցակիցը:
Վերջինս նկատեց նաև, որ ԶԼՄ-ների օրենսդրությունը դրվագային փոփոխությունների ենթարկելը, հատվածային միջամտությունները խաթարում են օրենսդրության տրամաբանությունն ու իմաստը, վատթարացնում են առանց այն էլ բավականին հնացած կարգավորումները. «Սա խնդիր է, որի մասին արդեն 3 տարի է՝ ինչ խոսում ենք: Եթե ուզում եք բան փոխել, դա պետք է լինի համալիր միասնականացված մոտեցում»,- ընդգծեց Շուշան Դոյդոյանը՝ հավելելով, որ կար հստակ պայմանավորվածություն, որ որևէ բան չի փոխվում ԶԼՄ օրենսդրությունում, քանի դեռ պատրաստ չէ մեդիազարգացման ստրատեգիան:
Ըստ մեր զրուցակցի՝ այս կարգի փոփոխությունները անհարկի միջամտություններ են և խաթարում են Կառավարության և լրատվամիջոցների ձևավորված առողջ համագործակցությանը: