Այսօր Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանին էին այցելել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը և նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ըստ երևույթին, երկուսն էլ մեղայականով էին որոշել հանդես գալ, հատկապես՝ Օսիպյանը, ով հայտարարեց, որ գիտենք, թե ինչպես են ՔՊ-ականները 2018-ին եկել իշխանության և ինքը գուցե նաև զղջում է վերջիններիս հետ աշխատելու և համագործակցելու համար: Օսիպյանը, սակայն, ամբողջովին անկեղծ չէ հասարակության հետ, որովհետև այդ հասարակության մի ստվար զանգվածի համար դեռևս պարզ չէ՝ ինչպես 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու թիմը եկան իշխանության և եթե Օսիպյանը տիրապետում է այդ ինֆորմացիային, ապա ինչու անկեղծ այն չի ներկայացնում հանրությանը: Կամ մեկ այլ օրինակ՝ ամիսներ առաջ Օսիպյանը ակնարկում էր, որ իր ղեկավարման ընթացքում վարչապետից ստացել է ապօրինի հրամաններ: Ինչո՞ւ չի ներկայացնում, թե ինչ էին ենթադրում այդ հրամանները և արդյո՞ք նա հրաժարվել է դրանք կատարելուց:
Նույնը կարելի է ասել Դավիթ Անանյանի մասին, ով բազմիցս է ակնարկել, որ Նիկոլ Փաշինյանի տնտեսական հեղափոխությունը կառուցված էր զուտ պոպուլիզմի վրա: Ով-ով, սակայն Անանյանը վստահաբար ունի դրա ապացույցները, այդ դեպքում ինչո՞ւ չի ներկայացնում հանրությանը:
Ընդ որում, ցանկը միայն այս երկու նախկին պաշտոնյաներով չի եզրափակվում: ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանը պատերազմից հետո մտահոգիչ ուղերձներ էր հնչեցնում: Օրինակ, Այվազյանն ասում էր․ «Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, մենք իսկապես գնահատում ենք, որովհետև, ի վերջո, պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Դա, կարող է, ոմանց դուր չի գալիս, բայց փաստ է»։ Նախկին րտգործնախարարը չէր մասնավորեցնում՝ ում նկատի ունի՝ «ոմանց» ասելով, բայց դրա կարիքն անգամ չկա, որովհետև «ոմանց» մեջ կարող են մտնել ոչ միայն արտաքին խաղացողները, այլ նաև Հայաստանի իշխանության մեջ հակառուսականության կրողները։ Նիկոլ Փաշինյանից ու քաղաքական իշխանությունից տարանջատվելու՝ Արա Այվազյանի փորձերն այդքանով չեն սահմանափակվել։ Նա, օրինակ, հայտարարել է նաև․ «ԱԳՆ-ն տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որտեղ պաշտոնական բանակցություններ կան Անկարայի հետ»։ Ինչո՞ւ այսօր Արա Այվազյանը չի բացում խաղաքարտերը և չի ներկայացնում ողջ իրողությունը, որին նա անշուշտ տիրապետում է:
Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով հրաժարվեց իր զբաղեցրած պաշտոնից, ասուլիսի ժամանակ հայտարարել էր՝ պատերազմի առաջին իսկ օրերին հանցագործություն է տեղի ունեցել, որտեղից էլ ծնվել են հետագա խնդիրները։
«Այստեղ ևս մեկ հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է համալրումը: Երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և փոխարենը կամավորականներին ուղարկել առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը։ Վարչապետի որոշման հիմնավորումներն ինձ չեն զեկուցում։ Չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար և գիտեն, որ գալու է ժամանակը, որ սրա համար պատասխան պիտի տան այդ գործառույթը չիրականացնելու համար, խոսակցությունը ձայնագրել են», - հայտարարել էր Մովսիսյանը: Ինչո՞ւ Հակոբյանը, տիրապետելով այդքան ինֆորմացիայի, իսկ նա վստահաբար այդ ինֆորմացիային տիրապետում է, անկեղծ չի ներկայացնում ողջ իրողությունը և չի բացահայտում պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների իսկությունը:
Ըստ էության, մենք ունենք դիվանագիտական, տնտեսական և ուժային բլոկի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր, տիրապետելով հսկայական թվով ինֆորմացիայի, հանրության հետ խոսում են կիսատ ակնարկների միջոցով, ինչը բնավ որևէ կերպ չի համադրվում նրանց մեղայականների հետ: Հետաքրքիր է` այս նախկին պաշտոնյաներից ո՞վ առաջինն անկեղծ կգտնվի և կպատմի հանրությանը, թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչու ենք մենք հայտնվել նման իրավիճակում...