Երեկ ԱԺ-ում հաղթողներ և պարտվողներ չեն եղել, ամեն մեկն իր առջև դրված խնդիրն է լուծել. ընդդիմությունը ցույց է տվել, որ դրսում ունի բավականին հոծ բազմություն, որով ցանկացած պահի կարող է ճնշել ներկայիս իշխանությանը,  իսկ իշխանությունն էլ ցույց է տվել՝ խորհրդարանի ներսում ունի քաղաքական մեծամասնություն ես այսօր պատրաստ չէ հրաժարական տալու: Կարծում եմ՝ երեկ ամեն մեկը  ցույց տվեց իր ուզածը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ իշխանության կողմից հնչած ծափահարությունները նախօրոք պլանավորված են եղել և միտում են ունեցել մանիպուլացնելու:

Նա նշեց, որ ընդդիմությունը դուրս եկավ նիստերի դահլիճից, քանի որ Նիկոլ Փաշինյանին լսելու օրակարգ չուներ, նրանք գնացել էին ԱԺ միայն իրենց հարցի պատասխանը լսելու՝ հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ:

 
 
 

Խոսելով Նիկոլ Փաշինյանի Աժ-ում բացահայտում անելու մասին, Վիգեն Հակոբյանը հավաստիացրեց՝ ոչ մի լուրջ բան չէր ասելու.

«Այդ բացահայտում բառը ևս մանիպուլիացիա էր իր ներքին լսարանի համար և, համոզված եղեք, որևէ նոր բան չէր ասելու Արցախի կարգավիճակի և բանակցային գործընթացի վերաբերյալ: Նոր բացահայտելու բան չկա, դրա նպատակը ընդդիմության քաղաքական օրակարգը շեղելն էր, նրանք էլ, դա հասկանալով, լքեցին նիստերի դահլիճը: Ընդդիմադիրները մղեցին, որ իշխանականները ծափ տան. «ծափ տվեք արա»-ն, հիշո՞ւմ եք, այ հիմա ընդդիմադիրները ասացին՝ ծափ տվեք արա՛, «արաները» ծափ տվեցին»,- ասաց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթի այն հատվածին՝ 2018 թվականին իրենց գործողությունները ծիծաղ էին առաջացնում ընդդիմադիրների մոտ, սակայն հիմա նրանք են կրկնում նույնը, Վիգեն Հակոբյանը նկատեց, որ քաղաքական տեխնոլոգիաների կրկնությունը բացարձակ նորմալ է.

«Քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից դրանք որոշ չափով կարող են համընկնկել: Նիկոլ Փաշինյանն էլ՝ օրինակ նմանակել է «Ղարաբաղյան շարժման», «արաբական գարունների», «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաները և դա նորմալ է: Դրանք արդեն դասագրքային տեխնոլոգիաներ են և հասու են բոլորին, այլ հարց է դրանք իրականացնել կարողանալը: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իրականացնել՝ օգտվելով մի շարք ռեսուրսներից: Այն ինչ հիմա կիրառվում է, ես չէի ասի թե մեկին մեկ համընկնում է: Տեխնոլոգիաների ձևը կարող է նույնը լինել, բայց բովանդակությունը՝ այլ, ինչպես օրինակ տվյալ պարագայում է՝ 2018 թվականին ասում էին՝ «Մերժի՛ր Սերժին», իսկ հիմա՝ միայն մերժիր Նիկոլին չէ, այլ՝ փրկենք Արցախը՝ այսինքն համազգային խնդիր է դրված: Այս դիմադրության շարժումը բավականին կրեատիվ է, և, չենք կարող չարձանագրել, որ կրեատիվ է եղել նաև 2018 թվականի հեղափոխությունը: Եթե օրինակ հիմա Վրաստանի «Վարդերի հեղափոխության» կազմակերպիչները լսեին Նիկոլ Փաշինյանի մենաշնորհելու ձգտումները, ապա մի լավ կծիծաղեին նրա վրա, որովհետև իրենք, երբ օգտագործում էին այդ տեխնոլոգիաները, Նիկոլ Փաշինյանը դեռևս քաղաքականության մեջ չէր, նա այդ ժամանակ խմբագրում էր իր թերթը»,- ասաց մեր զրուցակիցը: 

 

Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը, շարժուձևը և իր թիմակիցների ջղաձգված ծափահարությունները ցույց տվեցին՝ իշխանական թևի մոտ ներքին տագնապ կա.

 
 

«Նրանք շատ անհանգիստ են և ճիշտ են անում, որ անհանգստանում են, քանի որ իրենք այդ ճանապարհով եկել են իշխանության և շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում, երբ գործող իշխանությունը թերագնահատում է ընդդիմության նմանատիպ գործողությունները: Նիկոլ Փաշինյանը հիմա շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվում, ինքը ցանկանում է վստահություն ներշնչել իր ընտրազանգվածի և թիմակիցների մոտ»,- ասաց նա:

 

Վիգեն Հակոբյանն այն կարծիքին է, որ ընդդիմությունը, եթե ցանկանա իր պայմանական 30 հազարը կարող է դարձնել 45-50 հազար, եթե փոխի իր հռետորաբանությունը.

«Եթե ընդդիմությունը ավելի ագրեսիվ և վճռական կոչեր անի, ապա միանշանակ այդ թափը կավելանա: Հասարակության մի զգալի մաս չի խորանում տեխնոլոգիաների մեջ, եթե դեմ է ինչ-որ քաղաքական ուժի կամ անձի, շատ արագ, կտրուկ քայլերի միջոցով ցանակնում է ինչ-որ մի բանի հասնել»,- նշեց քաղտեխնոլոգը:

 

Հիշեցնենք, որ երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, նշեց, որ կարևոր բան ունի բացահայտելու, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: Նիկոլ Փաշինյանն էլ ամբիոնից ասաց.

 
 
 
 

«Չեք ուզում լսե՞ք, բա տենց ասեք: Ոնց միշտ փախել եք, տենց էլ միշտ կփախնեք»,- ասաց վարչապետը, իսկ ՔՊ պատգամավորները ծափահարություններով ողջունեցին վարչապետին:

Զվարթ Պետրոսյան