Արդեն քանի օր է, ինչ ընդդիմությունը անհանզանդության ակցիներով, երթերով իր բողոքի ձայնն է բարձրացնում գործող իշխանությունների դեմ։ Հատկանշական է, որ այդ պայքարին ակտիվորեն մասնակցում են նաև նախկինները՝ իրենց առաջնորդների գլխավորությամբ՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի։ 

Եթե ընդդիմությունը դեռ չի բարձրաձայնում, թե իրենց պայքարը հաջողելու դեպքում ով կզբաղեցնի վարչապետի աթոռը, ապա ՔՊ որոշ ներկայացուցիչներ այս հարցում շատ ավելի շուտ են կողմնորոշվել։

Թվում է, թե սա այն ժամանակաշրջանն է, երբ ՔՊ-ն պետք է լինի միասնական և համախմբված, քան երբևէ, սակայն, պարզվում է, իշխանության ներսում էլ կան մարդիկ, որոնք թեև ունեն «յուղոտ» պաշտոններ, բայց հավակնում են զբաղեցնել հենց վարչապետի աթոռը։

Ըստ ԼՈՒՐԵՐ․com-ի հավաստի աղբյուրների՝ ՔՊ-ի ներսում իրավիճակը լարված է։ Թեև Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է մնալ վարչապետի աթոռին, բայց արդեն ՔՊ-ի ներսում լուռ պայքար է ընթանում վարչապետի պաշտոնի համար։

Ներքին կարգով քննարկվում է, որ եթե ընդդիմադիրները ի վերջո հասնեն իրենց նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, նրան կփոխարինի ներկայիս ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Վերջինս վարչապետի միակ թեկնածուն չէ. շրջանառվում է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի անունը։

Իսկ թե Սուրեն Պապիկյանի կամ Արարատ Միրզոյանի՝ վարչապետի աթոռը զբաղեցնելուց հետո երկրում ինչ էական փոփոխություն կարող է լինել, դժվար է ասել, արդյոք նրանք կշարունակեն հենց Նիկոլ Փաշինյանի «ձեռագիրը», թե՞, վերջիվերջո, կփորձեն ընդհանուր եզրեր գտնել ընդդիմության հետ և ինչ-որ հայտարարի կգան երկրի համար այս դժվարին ժամանակներում: