Պետք է շարունակենք մեր անհնազանդության բողոքի ակցիաները. այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Սիրելի հայրենակիցներ, վաղը շատ կարևոր օր է բոլորիս համար: Եթե վաղը այսքան մարդ դուրս գա փողոց և անհնազանդության ակցիաներ անի վստահեցնում եմ, որ գործող իշխանություններին հաշված օրերի ընթացքում կհեռացնենք: Խնդրում և պահանջում եմ, որ վաղը դասադուլ ու գործադուլ հայտարարենք և յուրաքանչյուրդ ձեզ հետ փողոց բերեք ևս մեկ քաղաքացի: Եթե մենք վաղը այդքանով սկսենք ողջ Երևանում անհնազանդության ակցիաները և անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը մենք վերջնականորեն ծնկի կբերենք իշխանություններին»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ գործող իշխանություններին հեռացնելու համար հեծանիվ հորինել պետք չէ, այլ ուղղակի պետք է փողոցները փակել:

«Վաղը 4 ուղղություններով սկսելու ենք անհնազանդության երթեր և ակցիաներ, որի ժամանակ փակվելու են ճանապարհներ: Առաջին երթը սկսվելու է Գայի Պողոտայից, երկրորդը՝ Անդրանիկի արձանի դիմացից (Րաֆֆու փողոց), երրորդը՝ Չաուշի արձանի մոտից (15 թաղամաս) և չորրորդը՝ Սասունցի Դավիթի արձանի մոտից»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Երթից հետո Ֆրանսիայի հրապարակում ժամը՝ 19:00-ին նախատեսված է հանրահավաք: