Նոր Հայաստանի մի շարք պաշտոնյաներ իրենց նոր պաշտոնները ստանձնելիս բառացիորեն գլուխ էին գովում այն կապերով, որ ունեն հատկապես արտասահմանում և որոնք պետք է ծառայցնեին ի շահ Հայաստանի Հանրապետության:

Այդ պաշտոնյաների թվին պետք է դասել առաջին հերթին Սփյուռքի գործերով հատուկ հանձնակատար Զարեհ Սինանյանին, ով ամեն առիթով հայտարում էր ԱՄն-ում ունեցած իր կապերի մասին:

Թե այդ ինչ կապեր ուներ Սինանյանը ԱՄՆ-ում` այդպես էլ անհասկանալի մնաց, այն պարզ պատճառով, որ Սինանյանի կապերը գործի մեջ հպարտ քաղաքացիները այդպես էլ չտեսան:

Հաջորդ պաշտոնյան, ում փորձում էին դիրքավորել իբրև հեղինակավոր անձ ում հեղինակությունը այնքան մեծ ազդեցություն ունի սփյուռքի վրա, որ «Հայաստան» հիմնադրամը սկսելու է աննախադեպ ծավալով օգնություն հավաքել՝ Հայկակ Արշամյանն էր: Ինչպես կասեր դասականը՝ այն, ինչ եղավ հետո, անչափ հուզիչ էր. հիմնադրամը այս տարիներին, մեղմ ասած, չի վայելում սփյուռքի աջակցությունը:

Չենք կարող նաև չհիշատակել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, վերջինս փորձում էր այնպես ներկայացնել, ասես իրեն իր նախաձեռնություններում աջակցում և պաշտպանում է ողջ ֆուտբոլային աշխարհը:

Իրականում Մելիքբեկյանը, անշուշտ, շատ ավելի ֆուտբոլի աշխարհի մարդ է, քան դիցուք նրա նախորդը՝ Արթուր Վանեցյանը: Սակայն, որևէ գործուն օգուտ դա ոչ Մելիքբեկյանին, ոչ էլ հայկական ֆուտբոլին չբերեց: Ավելին՝ Հայաստանի հավաքականները աննախադեպ խայտառակ ելույթներ են ունենում և ինչպես ասում են՝ այս խնդիրները հեղինակությամբ չես լուծի, ռեֆորմներ և լուրջ մոտեցում է պետք, որը ՀՖՖ-ում չկա:

Ըստ էության, կարող ենք փաստել, որ այն պաշտոնյաները ովքեր նշանակվելուց խոսում էին իրենց կապերի և աննախադեպ ծրագրերի մասին, ի ցույց չդրեցին ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը...