Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պաշտոնապես հերքել է ՀՀ գլխավոր դատախազությանը։

Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սեյրան Օհանյանից բռնագանձել առանձնատունը, մեքենան, երկու այլ շինություն կամ ավելի քան 2 մլրդ դրամ։

«Ես' Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։

Այսպիսով, ՀՀ–ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները' որպես ինձ' Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ' ապօրինի։

Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ' որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրության» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»,- գրել է Օհանյանը։