«Ի հեճուկս նրա, որ մենք պայմանավորվել ենք, որ խաղային գովազդներ քաղաքում չեն լինելու, թաքնված գովազդների օրինակներ մենք տեսնում ենք։ Պետք չէ, որ վարչապետը կամ որևէ պաշտոնյա նկատի, զանգի ու ասի։ Գտեք ձևերն ու այդ թաքնված գովազդները վերացրեք։ Որևէ տեղում չտեսնենք։ Եթե պետք է անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ ընդունեք». Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք փուլային տարբերակով եկել հասել ենք այստեղ։ Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք։ Ես մեր տնտեսվարողներին խնդրում եմ նման բան չանել։ Ուղղակի հավաքեք ձեր թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների։ Պետք չէ կառավարության հետ հարաբերությունները փչացնել։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա սկզբունքային դիրքորոշում է, որը 2018 թվականից իրականացվում է: