«2021-2022 թթ Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության. Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին». Աս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:
Վարչապետը նախ նշեց, որ 2021 թվականի ողջ ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը երկու հիմնական թեզ է զարգացրել, որ կառավարությունը միայնակ է թողել Արցախին և երկրորդը՝ պահանջել են որդեգրել.
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը՝ փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը, և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում:
Ըստ նրա՝ առաջին թեզը հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով: «2021-2022 թթ Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, և ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության: 2019-ին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամի, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում, այսինքն 90-ականներից սկսած: Այս գումարից 57.8 մլրդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել: 2021-ին արդեն Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է: Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել: Այսինքն՝ ՀՀ աջակցությունն Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոս՝ 2019-ի համեմատ կամ 70 մլրդ դրամով: Իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը, և 2021-ին Հայաստանի կառավարության աջակցությունն Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն: Վարչապետը հիշեցրեց՝ ՀՀ կառավարությունը 2020-ի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ավարտը 136 մլրդ դրամի ծրագիր է իրականացրել Արցախում: Այդ ժամանակահատվածում հենց Հայաստանի բյուջեից հատկացվող միջոցներով են վճարվել Արցախի բոլոր բյուջետային հիմնարկների բոլոր աշխատողների աշխատավարձերը, բոլոր կենսաթոշակներն ու նպաստները, հատուցվել առողջապահական և կրթական համակարգի ծախսերը: 2020 թվականի նոյեմբերից սկած և 2021-ի ողջ ընթացքում արցախցիների բոլոր կոմունալ ծախսերը ևս հատուցվել են ՀՀ պետբյուջեի հաշվին:
2022 թվականին արդեն Արցախին Հայաստանի կառավարության միայն բյուջետային աջակցությունը կազմում է 160 մլրդ դրամ, այսինքն 2022 թվականին 2021-ի համեմատությամբ Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարն աճել է 32 մլրդ դրամով, 2019 թվականի համեմատ՝ 102 մլրդ դրամով: Այս միջոցներով Արցախում կենսաթոշակների և նպաստների շուրջ 20-տոկոսանոց բարձրացում է տեղի ունեցել, տեղի է ունենում լայնածավալ բնակարանային շինարարություն:
Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ կառավարությունն այս ամենն առանձնապես չի էլ «թմբկահարել»: «Եվ կարծում եմ՝ ճիշտ ենք արել, քանի որ դա մեր աշխատանքն է: Եվ ՀՀ կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, ինչքան էլ որոշ շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել»,-ասաց վարչապետը: