«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական առանձին պայքար է սկսում: Սակայն հարց է առաջանում՝ արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերի առանձին հանդես գալը չի փոշիացնի ընդդիմության ձայները, որոնք են Ա. Վանեցյանի որոշման դրդապատճառները: Այդ հարցերը պարզաբանելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արթուր Վանեցյանի տեղակալ Խաչիկ Գալստյանի հետ:

‹‹Չեմ կարծում, թե ընդդիմության ձայները կփոշիանան, ընդհակառակը՝ մենք մեր հռչակած նպատակներից չենք շեղվում, ունենք գերակա նպատակ՝ ունենալ ավելի անվտանգ Արցախ, հզոր Հայաստան և կարճաժամկետ նպատակ՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանի վարչախումբը:

Մենք երկու ամիս եղել ենք փողոցում, 24-ժամյա ռեժիմով մասնակցել անհնազանդության ակցիաներին, սակայն այսօր ‹‹Դիմադրութուն›› շարժումը որոշել է իր մարտավարական փոփոխություններն իրականացնել, մենք՝ մերը››,-ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիներն ունեն նախասիրությունների լայն բազմազանություն, շատերը իշխանության կողմից ներարկված ‹‹նախկիններ-ներկաներ›› կեղծ թեզի ազդեցության տակ են և դրանով են արդարացնում իրենց պասիվությունը:

‹‹Ես կեղծ դիսկուրս եմ համարում ‹‹նախկիններ-ներկաներ›› թեզը, բայց դրա ազդեցությունը հասարակական գիտակցության վրա, ցավոք, մեծ է: Նախկինների ուրվականը, վախը որոշներին նստեցրել է տանը. այս քաղաքական քայլերը նրա համար են, որ մեր քաղաքացիները ունենան ընտրության լայն հնարավորություն և կանգնեն այն մարդկանց կողքին, ում համակրում են››,-հավելեց Գալստյանը:

Խոսելով իրենց քաղաքական թիմի ուժեղ կողմերի մասին՝ նա նշեց, որ ունակ են առավելագույն արդյունավետությամբ սպասարկել ՀՀ առջև կանգնած մարտահրավերները.

‹‹Արթուր Վանեցյանն իր մասնագիտական կարողություններով, միջազգային կապերով, փորձառությամբ լավագույնս կարող է ՀՀ առջև ծառացած անվտանգային հարցերի պատասխանը տալ:

Մեր թիմում շատ են նաև մտավորականները, որոնք նույնպես կարող են իրենց մտավոր ներուժը ծառայեցնել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներ››,-եզրափակեց Գալստյանը: