Որքան էլ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել տպավորություն և համոզել հանրությանը, որ ՔՊ-ում չկան ներթիմային բախումներ, իրականությունը գրեթե յուրաքանչյուր օր ապացուցում է հակառակը:

Ներթիմային մրցակցությունը իշխող քաղաքական ուժի ներսում սրվել է ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Սիսիանում, օրինակ, իրար դեմ կատաղի պայքար են մղում ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանն ու Կարեն Համբարձումյանը. նրանցից յուրաքանչյուրն ուզում է, որ իր հովանավորյալը դառնա համայնքապետ։ ՔՊ-ի ընտրությունը կանգ է առել համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանի վրա, որը Կարեն Համբարձումյանի բարեկամն է, բայց համայնքում սիրված չէ։ ՔՊ-ում ի սկզբանե հակված են եղել գործարար Արա Զաքարյանի կողմը, սակայն Համբարձումյանը հաղթել է, հակառակ թեւում Արսեն Ավագյանն ու Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանն են, որոնք բացահայտ հակաքարոզչություն են անում ՔՊ պաշտոնական թեկնածուի դեմ եւ ուզում են Զաքարյանն այլ ուժի ցուցակով առաջադրվի:

Արսեն Ավագյանը, ի դեպ, վաղուց է բողոքում Սիսիանում ստեղծված քաղաքական կոնյուկտուրայի դեմ: Իսկ ով է ինքը' Ավագյանը: Նա հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հայ եկեղեցու սպասավորների դեմ իր ունեցած ելույթներով: Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին՝ ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում: Ավագյանի կինն էլ Սիսիանի երաժշտական դպրոցում է աշխատում: Նա ակնհատորեն բավարարված չէ իր կարգավիճակով. նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։ Ավագյանի թևը գտնում է, որ ի տարբերություն նախկին համարվող Հակոբջանյանի' ավելի շատ վաստակ ունի եւ ավելիին է արժանի. իրենք ավելի հավատարիմ են եղել իշխանություններին, սակայն իրենց հավատարմությանը համարժեք պաշտոններ չեն ստացել: Ավագյանի այս ակտիվությունը, իհարկե, Համբարձումյանի սրտով չէ:

Ինչպես տեսնում ենք' հերթական անգամ ապացուցվում է, որ համայնքի խնդիրները մի կողմ թողած' ՔՊ-ականների համար առավել կարևոր է աթոռակռիվը...