«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դիմադրություն» շարժումը հուլիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքը կանցկացնի, եթե, իհարկե, մինչեւ այդ խանգարող որեւէ հանգամանք ի հայտ չգա, եղանակային պայմաններն էլ բարենպաստ լինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչեւ սեպտեմբեր՝ խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկը, ընդդիմադիրները մեկումեջ հանրահավաքներ կկազմակերպեն, սեպտեմբերից արդեն բողոքի ակցիաների նոր փուլը կմեկնարկի, նաեւ հանրահավաքներ կլինեն: Տեղեկացանք, որ այս պահին մարդկանց հրապարակ կհրավիրեն տասը օրը կամ երկու շաբաթը մեկ անգամ հանրահավաքների կամ ակցիաների ձեւաչափով: Իսկ ԱԺ նոր նստաշրջանը մեկնարկելուն պես «Դիմադրություն» շարժման պիկետներն էլ նոր թափով ու ինտենսիվությամբ կանցկացվեն:
Նշենք, որ մայիսի մեկին, ընդդիմությունը, երբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի ու իշխող քաղաքական ուժի դեմ փողոցային պայքար սկսելու մասին, վստահեցնում էր, թե իրենց պայքարն անկասելի է, ու ո՛չ կիզիչ արեւը, ո՛չ հորդառատ անձրեւը չեն կարող խանգարել հանրահավաքներին: «Ինչ էլ լինի, հավաքվելու ենք, իրագործենք մեր նպատակն ու գնանք մինչեւ վերջ»,- վստահեցնում էին ընդդիմության լիդերները: Իրողությունները, սակայն, ցույց տվեցին, որ թե՛ գարնանային անձրեւները, թե՛ ամառվա բարկ արեւը կարող են պատճառ լինել ընդդիմադիրների՝ վճռական նպատակները չիրագործելու համար, ու նրանք կարող են որոշել տեղափոխել հանրահավաքի օրն ու ժամը:
Ի դեպ, շարժման անդամները ցույց չեն արել նաեւ այն ժամանակ, երբ դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից, Հայաստան հյուրեր են ժամանել: Դրա վառ ապացույցը հունիսի 9-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցն էր Երեւան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում