Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բերձորի և Աղավնոյի հետ կապված վստահեցնում էր, որ դեռ 1,5 տարի ժամանակ կա և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու։ Հայտարարում էր, թե Արցախի կառավարության հետ կաշխատեն ու լուծումներ կգտնեն։ Իրականում ունենք այն, ինչ ունենք։
ԼՈՒՐԵՐ․com-ի դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ իշխանությունների՝ ամենաբարձր մակարդակով այսպիսի վտանգավոր ու անպատասխանատու կեցվածքը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատեց․
«Նիկոլ Փաշինյանի վարչակարգի գործողությունները շատերին անտրամաբնական ու նույնիսկ ապիկար են թվում։ Բայց ամեն ինչ տրամաբանական և հասկանալի է դառնում, եթե դիտարկել իրենց ոչ թե որպես ՀՀ իշխանություն՝ այսինքն Հայաստանի և հայ ազգի շահերը ներկայացնող իշխանություն, այլ որպես օկուպացիոն վարչակարգ, որի նպատակն է Հայաստանի (ներառյալ Արցախի) բնակչությանը պարտադրել Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգերը»։
Փորձագետի կարծիքով, մարդկանց շփոթեցնելու նպատակը նրանց զրկելն է մտածելու, վերլուծելու և ամբողջական պատկերը գիտակցելու հնարավորությունից, ինչն էլ իր հերթին կարող էր այդ մարդկանց ինչ-որ պաշտպանական գործողությունների մղել։
«Ասենք՝ ցեղասպանության ժամանակ էլ հայերին, բնականաբար, չէին զգուշացնում, որ տանելու են սպանելու, այլ անորոշության մեջ են պահում, էմոցիոնալ լարված իրավիճակում, ինչ-որ թույլ հույսեր էին տալիս, հետո հուսախաբ անում, ասում էին. «Տեղափոխում ենք ձեզ ապահով վայր, կարող եք վերցնել ձեզ հետ ձեր անձնական իրերը» ևս։ Հոգեբանական այս հնարքներով չէին թողնում մարդկանց սթափ մտածել և, ի վերջո, կոտրում էին դիմադրելու կամքը»,- նշեց մեր զրուցակիցը։
Կարեն Վրթանեսյանը համոզված է և վստահեցնում է՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարության մեջ խոսքը միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է, այլ ոչ թե Բերձորը դուրս թողնելու և հայերին Բերձորից հանելու։ Իսկ թե ինչո՞ւ հայկական կողմը չի ցանկանում բոլոր հնարավոր միջոցներով օգտագործել այս կարևորագույն փաստն ու կարելի է ասել՝ հաղթաթուղթը՝ ռազմական փորձագետն ասաց․
«Այս հարցն իր պատասխանը ստանում է հենց դադարում եք դիտարկել Նիկոլ Փաշինյանին որպես «հայկական կողմ», այլ սկսում եք դիտարկել իրեն որպես թուրք-ադրբեջանական շահերի ներկայացուցիչ»։
Զրուցեց՝ Արա Ալոյանը