ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել և բանակցություններ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ նախարարներն, ի թիվս, այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր:
«Առաջվա պես վստահ ենք, ինչպես և դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով», - բանակցությունների ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:
Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը՝ «Բանակային միջազգային խաղերի» և «Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացմանը մասնակցելու, ինչպես նաև Մոսկվայի միջազգային անվտանգության խորհրդաժողովում աշխատանքի համար:
Իր հերթին ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակը:
«Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: