Շատ է խոսվում Հայաստանի տարածաշրջանային դերի, կշռի, ռեգիոնալ տնտեսական նախագծերին մասնակցության, այդ համատեքստում՝ առկա ներուժի ոչ բավարար օգտագործման, մարտահրավերների և այլն մասին։ Արցախյան 44-օրյա պատերազմից, Covid-19-ի համավարակից ուշքի չեկած, ներքաղաքական ու աշխարհաքաղաքական վայրիվերումների համար զգայուն օջախ հանդիսացող մեր հանրապետության տնտեսությունը շարունակում է ադապտացվել նոր իրողություններին։
«Ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների ազդեցությամբ պայմանավորված արտաքին պահանջարկի կտրուկ աճի պայմաններում Հայաստանի տնտեսությունում կիսամյակային տվյալներով տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ 11.8%, իսկ ծառայությունների և առևտրի ոլորտներում՝ համապատասխանաբար՝ 26. տոկոս և 10.7 տոկոս»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպիսի վիճակագրություն ներկայացրեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը։ Միաժամանակ, մեր զրուցակցի խոսքով, վերը նշված գործոններով և արտաքին պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված՝ Հայաստանում նաև գնաճային բարձր միջավայր է ձևավորվել: Ընդհանուր առմամբ, տնտեսագետը դրական համարեց տնտեսության վիճակը՝ հաշվի առնելով գլոբալ մարտահրավերները, կարող ենք դրական համարել:
Դիտարկմանը, թե ռեգիոնալ տնտեսական նախագծերում Հայաստանը, ակնհայտորեն, ակտիվ չէ կամ ասենք նախաձեռնողական քաղաքականություն չի վարում, մեր զրուցակիցը նշեց, որ առհասարակ, տնտեսական շրջափակման մեջ գտնվող երկիրը բնական է, որ կարող է երբեմն դուրս մնալ տարածաշրջանային ինտեգրման տարբեր նախագծերից և որքան էլ փորձի նախաձեռնողական քաղաքականություն իրականացնել, միշտ չէ, որ այն կհաջողվի:
«Հետպատերազմյան շրջանում Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները, այդ թվում սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, Սյունիքում ճանապարհային «միջանցքի» շուրջ անորոշությունները չեն նպաստում նման նախագծերին մասնակցելու հետ կապված ակտիվ նախաձեռնողականության ցուցաբերմանը: Ներկայումս ցանկացած տարածաշրջանային գործընթաց առնչվում է նաև Ադրբեջանին և Թուքիային, որոնց հետ դեռևս առկա են տարաձայնություններ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Բացի այդ, ըստ Սարգսյանի, թյուր կարծիք է ձևավորվել առ այն, որ ԵԱՏՄ անդամակցությունը որևէ կերպ կաշկանդում է ՀՀ-ին հանդես գալ այլ ինտեգրման ձևաչափերում և դա կարող է վատ արձագանք ունենալ, մասնավորապես ՌԴ իշխանությունների կողմից:
«Իրականում, կարծում եմ, Հայաստանը հիմա, առավել քան երբևէ պետք է ցուցաբերի պրոակտիվ քաղաքականություն՝ բոլոր հնարավոր ձևաչափերով, ինչի համար պետք է նախևառաջ ձևավորել արտաքին տնտեսական դիվանագիտական հայեցակարգ և քաղաքականություն»,- շեշտեց տնտեսագետը:
Զրուցեց՝ Արա Ալոյանը
Կիսվել