ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Այս տեղեկությունը հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Նա նշել է, որ դրան նպաստում են կառավարությունների, տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական փոխայցելություններն ու ակտիվ քննարկումները:
Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսության, ներդրումների եւ այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման հստակ օրակարգ, որի իրականացման ուղղությամբ երկու երկրները շարունակում են սերտորեն համագործակցել:
Ալեքսանդր Բուրկովն ասել է, որ ՌԴ նախագահը եւս բազմիցս նշել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման կարեւորությունը, ուստի իրենք շահագրգիռ են ավելի ընդլայնելու կապերը մեր երկրի մարզերի հետ:
Օմսկի նահանգապետի խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ:
Հեռանկարային են համարվել փոխգործակցությունը տնտեսության, առեւտրի, արդյունաբերության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:
Վարչապետը կարեւորել է վերը նշված ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը եւ ընդգծել պարբերական կապերի եւ շփումների անհրաժեշտությունը: