Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։
Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ԱԻՆ ՓԾ 911 փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում Նաիրի Զարյան փողոց 42/1 հասցեում գտնվող N1 ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել է դռան ապակին և կախովի LED լույսերը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոպահեստամասերի խանութ -յուղման կետը պատկանում է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ 70-ամյա Զարեհ Սարգսյանին, ով կատարվածի մասին նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։