Ամերիկահայ լրագրող, հեղինակ, սցենարիստ և ռեժիսոր Վիկ Գերամիի «Հայրենիք» ֆիլմը հուլիսին Կաննի կինոփառատոնում հաղթել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Հետաքննող ֆիլմը նվիրված է 2020 թվականի իրադարձություններին, երբ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա՝ հերթական անգամ իրականացնելով հայ ժողովրդի ցեղասպանությունը և սպանելով մոտ 5000 մարդու։

Ֆիլմը ներկայումս ցուցադրվում է ամբողջ Հյուսիսային Ամերիկայում՝ ստանալով դրական արձագանքներ հեռուստադիտողների և փորձագետների կողմից: Ձեզ ենք ներկայացնում Վիկ Գերամիի հետ ԼՈՒՐԵՐ․com-ի բացառիկ հարցազրույցը․

1․ Վիկ, մի փոքր պատմիր քո հայկական արմատների մասին․

Ես ամերիկահայ եմ, երկու ծնողներս էլ հայ են։ Մեր ազգանունը փոփոխվել է մի քանի սերունդների ընթացքում, բայց ի սկզբանե Օհանյան է եղել։

2. Համոզված եմ, որ ֆիլմի ստեղծման գլխավոր շարժառիթները եղել են հայի գենն ու արյան կանչը, ինչպես նաև հայության ցավի հանդեպ սրտացավությունը։

Տեսնելով թշնամու՝ Արցախ ներխուժումը, անմեղ հայերի կոտորածը և աշխարհի խուլ լռությունը, որը մեծ ցավ էր պատճառում համայն հայությանը, ակնհայտ դարձավ, որ ես պետք է լինեմ Հայաստանում՝ 21-րդ դարի այս կոտորածը փաստելու համար։ Եթե ես հարցազրույց չանեի ականատեսների, վետերանների և Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների հետևանքով փախստական դարձած մարդկանց հետ, ուրիշ էլ ո՞վ կաներ: Ես գնացի իմ հայրենիք. Այնտեղ ես հարցազրույց վերցրեցի պաշտոնյաներից, փորձագետներից և լրագրողներից: Ես ինքս պետք է տեսնեի, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Ալիևը և Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ զույգ բռնապետեր և ինքնակոչ «եղբայրներ», կեղեքում, սպանում հայերին աշխարհի աչքերի առաջ՝ խուսափելով արյունահեղության համար պատասխանատվությունից։

3․ Ի՞նչ զգացողություններ ունեցաք Հայաստան այցելելուց հետո, Եռաբլուրում էիք, զրուցել եք վիրավոր հերոս տղաների հետ։

Հայաստան այցելելն ինձ համար ամենահաճելի ճամփորդությունն է։ Ես եղել եմ տասնյակ երկրներում։ Ես խառը ապրումներ եմ ունենում, երբ հիմա այցելում եմ իմ Հայրենիք: Ուրախ եմ ու հպարտ տանը, բայց նաև տխուր եմ կատարվածի համար և վշտացած, որ ստիպված եղանք նորից անցնել այս ամենի միջով: Բայց ես հույս ունեմ, քանի որ պարտվող տեսակ չեմ: Դա ինձ մղում է շարունակել ակտիվ լինել, քարոզել, աշխարհին ներկայացնել մեր գեղեցիկ Հայաստանը և օգնել միմյանց ավելի լավ ապագա ունենալու հարցում:

4․ Իսկ ի՞նչ զգացիք, երբ «Հայրենիք» ֆիլմը հաղթեց Կաննի հեղինակավոր կինոփառատոնում։

Այո․ «Հայրենիքը» Կաննի համաշխարհային կինոփառատոնում արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակին: Շատ ուրախալի է։ Բայց ավելի կարևորն այն է, որ մարդիկ ամբողջ աշխարհում կարողանան դիտել այն և իմանալ, թե ինչ է տեղի ունեցել և շարունակվում է տեղի ունենալ Արցախում և Հայաստանում:

5. Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի և հայերի հետ կապված։

Ես գնում եմ Հայաստան՝ հոկտեմբերին Երևանում «Հայրենիք» ֆիլմի պրեմիերան է, և ես անհամբերությամբ սպասում եմ այնտեղ լինելուն։

Զրուցեց՝ Արա Ալոյանը