Ընդամենը օրեր առաջ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց ՌԴ քաղաքացիությունից, Ռուսաստանում իր բիզնես ակտիվներից հրաժարվելու՝ դրանք ընտանեկան հիմնադրամին փոխանցելու և Արցախ տեղափոխվելու որոշման մասին: Այս որոշումը անչափ ռեզոնանսային էր, շատերի համար Վարդանյանի այս քայլը հայրենասիական պոռթկում էր, սակայն, չկա՞ արդյոք այդ պոռթկման հետևում շատ ավելի ռացիոնալ հաշվարկ:
Դիցուք՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելը այս փուլում Ռուբեն Վարդանյանի համար ոչ այլ ինչ է, քան կենսական անհրաժեշտություն, հաշվի առնելով այն սկանդալային քեյսերը, որոնք գործարարը կուտակել է վերջին տարիներին: 2019-ին Լիտվական բանկից արտահոսած փաստաթղթերի կատարված ուսումնասիրությունը բացահայտել է փողերի լվացման մեխանիզմ։ Այդ սխեմայի միջոցով են Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակները օրինականացրել իրենց ֆինանսները՝ օգտագործելով հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։ Արտահոսած փաստաթղթերում միայն մեկ պայմանագիր կա, որը ստորագրել է Ռուբեն Վարդանյանը։ Այդ պայմանագրի համաձայն՝ նա հանդես է եկել որպես TD Advisors LTD օֆշորային ընկերության տնօրեն։ Վարդանյանի ղեկավարած այս ընկերությունը 8.9 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Սեյշելյան կղզիներում գրանցված օֆշորային Brightwell Capital Inc. ընկերությանը: Ըստ վարկածներից մեկի՝ «Տրոյկա դիալոգը» ստեղծել էր մարդկանց տվյալների հավաքագրման համակարգ, որը գործարկում էին ընկերության աշխատակիցները։ Այն ռուսաստանաբնակ գործարարները, ովքեր որևէ կեպ առնչվում էին Ռուբեն Վարդանյանի կամ «Տրոյկա դիալոգի» հետ և ունեին Հայաստանից ժամանած աշխատակիցներ, հավաքագրում էին նրանց անձնական տվյալներն ու հանձնում «Տրոյկայի» օգտագործմանը։
Ըստ այս ուսումնասիրության՝ «Տրոյկա լվացքատան» գումարներն օգտագործվել են Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Մոնտենեգրոյում անշարժ գույք գնելու, ինչպես նաև շքեղ զբոսանավեր և թանկարժեք արվեստի գործեր ձեռք բերելու համար։ Այդ հաշիվներից են վճարվել Ռուսաստանում հայտնի գործարարների զավակների՝ արևմտյան համալսարանների ուսման վարձերը։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) ռուսաստանցի աշխատակիցները հարցազրույց են արել Ռուբեն Վարդանյանի հետ, ով չի հերքել, որ «Տրոյկա դիալոգն» օգտագործել է արտասահմանյան ընկերությունների հաշիվները տարբեր բանկերում գործարքներ իրականացնելու համար։ Վարդանյանի խոսքով՝ «Տրոյկան» համագործակցել է այդպիսի գրեթե 20 բանկի հետ։
Այդքանով սկանդալը չավարտվեց: Եվրախորհրդարանում Լիտվան ներկայացնող պատգամավոր Պետրաս Աուշտրևիչիուսի նախաձեռնությամբ՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Լեհաստանը, Շվեդիան ու Եվրամիության այլ պետություններ ներկայացնող ընդհանուր առմամբ 22 պատգամավորներ իրենց ստորագրությունն են դրել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին ուղղված փաստաթղթի ներքո, որը պահանջում էին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ռուբեն Վարդանյանի և լիտվական «Յուկիո» բանկի նախկին նախագահ Վլադիմիր Ռոմանովի նկատմամբ, որոնց անունը կապվում է «Տրոյկա լվացքատան» հետ:
Ի դեպ, այս սկանդալային բացահայտումներից հետո Ռուբեն Վարդանյանը սկսեց ազատվել իր որոշ բիզնես ակտիվներից: Այսպես՝ գործարարը Մոսկվայում գտնվող «Воздвиженка Центр» բիզնես կենտրոնի իր մասնաբաժինը (10%) վաճառեց չինական Fosun ընկերությանը։
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական պատգամավորների ներկայացրած օրինագծում (Putin Accountability Act), պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում հայտնվել է նաև Ռուբեն Վարդանյանի անունը, առաջարկ է հնչվեցվել արգելափակել վերջինիս գույքը, հարցը դեռևս քննարկման փուլում է:
Վերոնշյալ բոլոր վտանգները դեռևս շարունակում են կախված մնալ Ռուբեն Վարդանյանի բիզնես կայսրության վրա: Եվ տվյալ պարագայում թերևս ամենատրամաբանական քայլը հենց ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելն է, ինչն էլ իր հերթին թույլ կտա փրկվել Վարդանյանին և ստանալ մանեվրելու փոքր ինչ ավելի մեծ դաշտ: Բնական է, որ իր կուտակած կապիտալը չկորցնելու համար Վարդանյանը պատրաստ է, ինչպես ինքն է ասում՝ լինել թե կոշկակար, թե հավաքարար, թե ղեկավար, նույնիսկ բանտ նստել, սակայն, պատահական չէ, որ նա ընդգծում է թե որտեղ է պատրաստ գնալ նման զոհաբերության՝ Հայաստանում: Բնականաբար, այստեղ նրա բանտ նստելու հավանականությունը շատ ավելի փոքր է, եթե չասենք՝ զրոյական է, ի տարբերություն նույն ԵՄ երկրների և ԱՄՆ-ի, որոնց հակակոռուպցիոն մարմինների ուղղակի թիրախում հայտնվել է Վարդանյանը: Հետևաբար հարց է առաջանում, արդյոք՞ անկեղծ է ռուսաստանաբնակ գործարարը իր քաղաքական նկռտումներում և «հայրենիքը փրկելու» ցանկության մեջ , թե դրանց հետևում երևում են Վարդանյանի բիզնես շահերի «ականջները», իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալը և Արցախ տեղափոխվելը ընդամենը հարմար և պաթոսային շղարշ են, որով Վարդանյանը փորձում է քողարկել իր բիզնես կայսրության և սեփական «կաշին» փրկելու ծրագիրը: Հակառակ դեպքում առնվազն տարաօրինակ է, որ գործիչը ով դեռ երեկ հերքում էր ակտիվ քաղաքականություն մտնելու իր մտադրությունը և պնդում, որ պետք չէ սպասել «փրկչի», այսօր կտրուկ քաղաքական հայտ է ներկայացնում է և ինքն է փորձում հանդես գալ այդ «փրկչի» կերպարով...