Հոկտեմբերի 14-ին Երևան է ժամանել Եվրամիության դիտորդների մասնագիտական խումբը՝ նախապատրաստելու այս ամիս սպասվող Եվրամիության դիտորդների այցը Հայաստան։ Մեր հանրապետության տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:

Որքանո՞վ հեռանկարային կարող է լինել ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում, հաշվի առնելով, որ Ադրբեջանը մերժել է նրանց ներկայությունը իր տարածքում։

«Այն, որ Ադրբեջանը համաձայնել է չխոչընդոտել Հայաստանի տարածքից դիտորդների աշխատանքին, արդեն խոսում է Պրահայում Ալիևի նկատմամբ աննախադեպ ճնշման մասին: Կարող ենք հիշել, որ դեռևս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններով սահմանային վերահսկողական մեխանիզմների կայացումը Ադրբեջանն ամեն կերպ վիժեցրեց, իսկ այս դեպքում ստիպված է եղել համաձայնել»,-ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Մյուս կողմից, մեր զրուցակցի պնդմամբ, հեռանկարային լինելու մասին խոսել կարելի է առաքելության հիմնական նպատակը վերհանելու դեպքում:

«Դիտորդների քաղաքացիական նախաձեռնությունը աշխարհաքաղաքական նոր իրականություն է ողջ տարածաշրջանի համար, ինչը փոխում է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Այստեղ որևէ կողմից շահելու կամ կորցնելու հավանականությունը ամբողջապես կախված կլինի իրավիճակի հետագա զարգացումից և ամեն մի կողմի աշխատանքից»,-հավելեց քաղաքագետը։

Արա Ալոյան