«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Զատուլինն այսուհետ համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

«Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար:

Սա, ինչ խոսք, աննախադեպ քայլ է հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում․ դեռևս որևէ ռուս պաշտոնյա, այն էլ՝ գործող պաշտոնյա, Հայաստանում անցանկալի անձ չէր հռչակվել: Սակայն, Փաշինյանի այս քայլը առաջինը չէ․ մինչ հայ-ռուսական հարաբերություններին հարվածելը՝ վերջինս նմանատիպ մի ակցիա էլ կազմակերպել էր ընդդեմ հայկական սփյուռքի:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մինչ օրս հրաժարվում է պարզաբանել՝ ինչո՞ւ է արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Ֆրանսահայ գործիչը շաբաթներ առաջ հայտարարեց՝ իրեն թույլ չեն տվել դուրս գալ «Զվարթնոց» օդակայանից ու հայտնել, թե Հայաստանում «անցանկալի անձ» է։ ԱԱԾ-ից արգելքի պատճառները չեն բացահայտում՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ հայտարարել է, թե տեղյակ չէ բուն պատճառների մասին, սակայն, Փափազյանին մեղադրել է Հայաստանի նկատմամբ իրականացրած ոչ բարյացակամ գործունեության համար, իսկ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին ու ՀՅԴ-ին էլ Ֆրանսիայում օտարերկրացի քաղաքական գործիչների վրա ճնշումներ բանեցնելու համար, որպեսզի նրանք չհամագործակցեն Հայաստանի պետական կառույցների հետ։

ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանն էլ իր Facebook-յան էջում շաբաթներ առաջ գրառմամբ տեղեկացրել էր, որ երբ ժամանել էր Հայաստան, որպեսզի մասնակցի ՀՅԴ Երիտասարդականի ARF Youth Office -ի կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում՝ նրան թույլ չեն տվել դուրս գալ օդանավակայանից։ Ինչպես տեսնում ենք, սա ոչ այլ ինչ է, քան կազմակերպված արշավ իրեն քննադատողների դեմ: Մի կողմից Փաշինյանը, կարելի է ասել զրոյացրեց Հայաստան-սփյուռք՝ տասնամյակներ շարունակ կառուցվող հարաբերությունները, մյուս կողմից՝ այժմ էլ նրա քայլերը սպառնում են դառնալ իսկական միջազգային, դիվանագիտական սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Փաշինյանը լռեցնում է իրեն քննադատողներին, սակայն, դրա գինը, ինչպես միշտ, վճարում է հայ հանրությունը...: