ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ «Արևմուտքը զբաղված է ինքնագովազդով և փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից» հայտարարությանը։

«Ինքնագովազդ չկա նրանում, որ փորձում ենք վերջ տալ տարիներ տևող հակամարտություններին, որոնք հանգեցրել են բռնությունների ու մահվան ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների շրջանում: Մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու և կյանքեր փրկելու համար: Ես չգիտեմ, թե դրա վերաբերյալ ինչը կարող է մեկնաբանվել՝ որպես ինքնագովազդ:

Ինչպես ընդգծել է պետքարտուղարը, մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում:

Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը՝ Պետդեպի ներկայացուցիչն ասել է.«Ի վերջո, Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն' արդյո՞ք նախագահ Պուտինի հրավերն օգտակար կամ պիտանի կլինի նրանց համար կայուն խաղաղության ձգտման հարցում: 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանի ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Բայց, ի վերջո, սա կլինի մի որոշում, որը պետք է կայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը»,-ասել է Փրայսը։