Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացման առաջարկ է արել. հայկական կողմն առաջարկել է զորքերը հետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կլիոմետրանոց ապառազմականացված գոտի:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից եւ մեր այս դիրքորոշումը երբեք ու որեւէ կերպ փոփոխության չի ենթարկվի»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով Ադրբեջանը փորձում է մտացածին պատճառներով հետահայաց կերպով արդարացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախորդ տարվա մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ձեռնարկած ագրեսիան, տարածքների օկուպացիան, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 36 բնակավայրերի այդ թվում Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի, Գեղամասարի հրետակոծությունը, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում 1437 երեխաների, հաշմանդամություն ունեցող 99 անձանց տեղահանությունը, 193 բնակելի տների, 3 հյուրանոցների, 2 դպրոցների, մեկ բուժկենտրոնի թիրախավորումը, 211 հայաստանցիների, այդ թվում 3 քաղաքացիական անձանց սպանությունը, առնվազն 11 ռազմագերիների արտադատարանական մահապատիժները, այդ թվում՝ կին զինծառայողների մարմինների խոշտանգումներն ու անարգումը:
Վարչապետն ընդգծեց, որ այդ ամենը արդարացում չի կարող ունենալ, եւ այս հանցանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու բոլոր կոչերը միանշանակ եւ աներկբա՝ արդարացի են: