ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Խերսոնից զորքերը դուրս բերելու ռուսական հրամանատարության որոշումը սպասելի էր և համընկավ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ավարտի հետ։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում, գրում է Meduza-ն։

«Նախ ինձ համար հետաքրքիր էր, որ նրանք սպասեցին մինչև [ԱՄՆ] ընտրությունների ավարտը, որպեսզի կայացնեն այս որոշումը, որը մենք վաղուց գիտեինք։ Իսկ դա վկայում է այն մասին, որ նա՝ ռուսական բանակը, իրական խնդիրներ ունեն»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումը «բոլորին ժամանակ կտա վերանայելու իրենց դիրքորոշումները ձմեռային շրջանում»։ «Մնում է տեսնել, թե արդյո՞ք որոշում կկայացվի, արդյո՞ք Ուկրաինան պատրաստ է փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ», - ասել է Բայդենը:

Լրագրողներից մեկը Բայդենին հարցրել է, թե արդյոք նա նկատի ունի տարածքային զիջումնե՞ր, երբ խոսում էր Ուկրաինայի կողմից փոխզիջման մասին։ ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ դա կախված է Կիևից։ «Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի»,-ասել է Բայդենը: