ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին:
Անմիջապես հիշյալ հասցե է մեկնել օպերատիվ խումբը և բացելով տան դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողություններ:
Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառոմներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը
համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով'
դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: