«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը: Նա պատասխանել է 1 տարվա ընթացքում 4 ընկերություններում իր եղբոր՝ տնօրեն նշանակվելու մասին հարցին եւ հանդես եկել մանիպուլատիվ հայտարարությամբ՝ նշելով, որ իր եղբայրն ընդամենը ընկերությունների խմբի տնօրեն է եւ ոչ ավելին։ «Տեսեք՝ ինչ ահասարսուռ է հնչում՝ 4 ընկերության տնօրեն։ Իրականում 1 ընկերությունների խմբում աշխատում է տնօրեն: Ես կարող եմ սեփական օրինակով ասել՝ երբ ժամանակին զբաղվում էի լրատվամիջոցի գործերով, կար թերթ, կար տպարան, մի քանի ՍՊԸ, եւ էդ ՍՊԸ-ների տնօրենը մի մարդ էր, որովհետեւ դա, ըստ էության, ընկերությունների խումբ է, որն իրար հետ փոխկապակցված գործում է, եւ նման դեպքերում նախընտրելի է ունենալ մեկ տնօրեն. մեկ տնտեսական օրգանիզմի մասին է խոսքը»,- պատասխանել է նա: Այս հայտարարությունից շաբաթներ առաջ «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել էր, որ, նախորդ տարվա ապրիլ ամսից սկսած, Նիկոլ Փաշինյանի եղբայրը դարձել է մի շարք ընկերությունների տնօրեն։
Համաձայն այդ տվյալների՝ «Գոու Թրեյդ» ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների եւ սարքավորումների վարձույթով եւ լիզինգով, «Մինա-Մայա» եւ «Արգիշտի-2» ՍՊԸ-ները՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իսկ «Միթ Ագրո» ընկերությունը՝ մսի առեւտրով։ Այս ընկերություններից միայն երկուսն են իրենց գործունեության տեսակով միմյանց հետ փոխկապակցված (էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Մինա-Մայա» եւ «Արգիշտի-2» ընկերությունները): Ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ ստել եւ մանիպուլացրել է իր եղբոր գործունեության մասին հայտնի դարձած տվյալները պարզաբանելիս»: