ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է եռակողմ հանդիպումից։ Նա նշել է, որ Երևանը վերջին պահին որոշել է չմասնակցել հանդիպմանը, գրում է News.ru-ն։
«Այսօր մենք պայմանավորվեցինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի քննարկումը։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը։
Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենա Լավրովի և Բայրամովի հանդիպումը։ Ավելի վաղ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո։ Լավրովը նաև ընդգծել է Լաչինի միջանցքով Արցախի և Հայաստանի միջև անարգել հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։