2022 թվականին «Երևան-2800» հուշամեդալով է պարգևատրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Մեսրոպյանը։ Հուշամեդալը ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետին է հանձնել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը։ Թվում էր, որ մեդալը ստանալուց հետո ոստիկանապետ Ի․ Մեսրոպյանը պետք է ավելի ոգևորվի ու լծվի հանցագործությունների կանխմանն ու բացահայտմանը, մինչդեռ երեկ՝ հունվարի 7-ին, Նոր Նորք վարչական տարածքում գողության հերթական դեպքերն են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մենեջեր 41-ամյա Գայանե Բ․-ն ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ 30 րոպեի ընթացքում, անհայտ անձը կամ անձինք Ծարավ Աղբյուրի փողոցում գողացել են իրեն պատկանող՝ կայանված վիճակում գտնվող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Նույն օրը՝ ժամը 10։50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Գոռ Մ․-ն, ով աշխատում է «ՕԼԻՎ» հյուրանոցային համալիրի տնօրեն, հայտնել է, որ նույն օրը՝ մի քանի ժամվա տարբերությամբ, անհայտ անձը կամ անձինքն Ծարավ Աղբյուրի փողոցում կայանված՝ իրեն պատկանող Porsche մակնիշի ավտոմեքենայի վրայից թափարգելը վնասելու միջոցով գողացել են լուսարձակը։

Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 26-ամյա Խաչատուր Ղ․-ն, ով «Ալկա-7» ՍՊԸ տնօրենն է, հայտնել է, որ նույն օրը ժամը 00։30-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ծարավ Աղբյուրի փողոցում կայանված՝ իրեն պատկանող Porsche մակնիշի ավտոմեքենայի հայելիները։

Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բանիչ 37-ամյա Հարություն Գ․-ն, ով աշխատում է «Ինեկոբանկ» ՓԲԸ IT ղեկավար, հայտնել է, որ հունվարի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ծարավ Աղբյուրի փողոցում կայանված՝ իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները։

Նշված բոլոր դեպքերով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տուժած քաղաքացիները մտահոգություն են հայտնել, որ թերահավատորեն են վերաբերվում, թե Նոր Նորքի ոստիկանները կհայտնաբերեն գողին կամ գողերին ու իրենց խոշոր չափի վնաս պատճառած անձինք կհայտնաբերվեն։