ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ԱԱԾ-ից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են զանգվածային անկարգությունների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձինք, ովքեր ձերբակալվել են։

Մասնավորապես.

Ա.Բ-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո՝ համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված ամբոխին:

Այնուհետև, Ա.Բ-ն խախտելով բնակարան հանդիսացող ՀՀ կառավարական կեցավայրի անձեռնմխելիությունը, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը' պարսպի վրայով ներս ցատկելով ներխուժել է կեցավայրի տարածք, ապա նաև՝ մտել ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն:

Այնուհետև, դուրս գալով կեցավայրի տարածքից գնացել է Կ.Դեմիրճյան փողոց, որտեղ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդ կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Ա.Բ-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Տ. Պ-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին:

Այնուհետև, Տ. Պ-ն, օգտվելով զանգվածային անկարգությունների մասնակիցների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած իրադրությունից, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը' պարսպի վրայով ներս ցատկելով ապօրինի մուտք է գործել կեցավայրի տարածք, որից հետո, նույն եղանակով, ինչպես նաև՝ արդեն իսկ բացված դարպասով կեցավայրի տարածք ներս մտած անձանց հետ քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն:

Վերոգրյալից հետո Տ. Պ-ն, նույն դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բնակարան հանդիսացող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, որտեղ, հաստատապես գիտակցելով իր գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, անտեսելով դրանք, ննջասենյակում գտնվող պահարանից բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:

Դրանից հետո, Տ. Պ-ն իր կողմից բացահայտ հափշտակված վերոհիշյալ ոսկյա զարդերը տնօրինել է անձնական նպատակներով և 551.000 ՀՀ դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ՝ Ս. Ս-ի, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 ՀՀ դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ գրավատան համապատասխանաբար՝ Կոմիտաս պողոտայում և Մալաթիա վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերում:

Ա. Բ-ի և Տ.Պ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, վերջիններիս նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։