Ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Դրանիցից մեկը, կապված բնակիչներից մեկի ավտոմեքենայից առերևույթ ձայնարկիչ գողանալու դեպքի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ մյուսը՝ կապված բնակիչների ավտոդողերը վնասելու և խոտի այրման դեպքերի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվում են քննչական ու վարութային գործողություններ՝ կատարված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություն՝ նաև առերևույթ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել, այդպիսիք լինելու դեպքում սահմանված կարգով իրավական ընթացակարգ կապահովվի»,- գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի թաղամասերից մեկում ժամը 02:30-ի սահմաններում ծակել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել անվասայլակի մեջ դարսված անասնակեր խոտը։