Կա կարծիք թե մեզ գաղափարախոսություն է պետք, որը չունենք։ Իրականում ազգային գաղափարախոսությունը վաղուց առկա է և նոր հեծանիվներ հնարելու կարիքը ընդհանրապես չկա։ Ֆեյսբուքի իր էջում նման դիտարկում է արել «Զանգի» հայկական հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։ «Շատերին թվում է թե գաղափարախոսությունը պետք է լինի 19-րդ դարի մարքսիզմի կամ ավելի հին կրոնական ոճի մի բան։ Բայց առողջ և հատկապես 21 դարին համահունչ գաղափարախոսությունները հիմնվում են 2 բաղադրիչների վրա՝ Արժեհամակարգ և Ապագայի Տեսլական

Օրինակ այսօր արևմուտքում գերիշխող ազատական գաղափարախոսությունը չունի իր գաղափարախոսական հատուկ գիրքը, բայց հստակ կերպով կա արժեհամակարգ և դեպի ապագա առաջ տանող տեսլական։ Այս նույն կերպ մենք Հայերս արդեն վաղուց ունենք մերը՝ արժեհամակարգ և ազգային տեսլական, որոնք միասին ձևավորում են մեր սեփական ազգային գաղափարախոսությունը։

1. Արժեհամակարգ

Գործով ապացուցած, իրապես հայրենասեր և կյանքով հաջողակ նվիրյալների կողմից կա արդեն սահմանված արժեհամակարգ։ Արամ, Նժդեհ, Ավո, Վազգեն, Լեոնիդ, Շահեն, Թումանյան և այլ շատերի կոլեկտիվ արժեհամակարգը ձևավորում է մեկ ընդհանուր ազգային արժեհամակարգ։ Ընդ որում Նժդեհը և Թումայանը հարաբերականորեն ավելի շատ են իրենց մտքերը գրի առել և ձևավորում են ազգային գաղափարախոսության փիլիսոփայական հիմքը։ Իսկ Արամը, Ավոն, Վազգենը և մյուսները ավելի քիչ են խոսել, բայց միևնույն է հստակ է նրանց ի ցույց դրած արժեհամակարգը։

2. Ապագայի Տեսլական
Ունենալ արդար, Արդյունավետ և Երկարատև Պետականություն։ Մնացած բոլոր հարցերը ածանցյալ են այս 3 կատեգորիաներից։ Օրինակ մենք լինենք դեմոկրատական երկիր թե ոչ, ածանցյալ է արդար պետություն ունենալու տեսլականից։ Անվտանգությունը ածանցյալ է արդյունավետ պետություն ունենալու տեսլականից։ Կրթված հանրությունը նույնպես ածանցյալ է արդյունավետ պետության տեսլականից։
Երբ այսօրվա մեր պղտորված, թացը չորի հետ խառնված խնդիրներին նայում ենք վերը նշված իրական ազգային գաղափարախոսության տեսանկյունից, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Միանգամից ու պարզ երևում են մեր խնդիրների սկզբնաղբյուրները, ջարդուփշուր են լինում ներդրված կեղծ օրակարգերը, հստակ է դառնում թշնամու կերպարը, արտաքին քաղաքական դիրքավորումը, նույնիսկ սահմանվում է բյուջեի պլանավորման ռազմավարությունը, և պետական շինարարության մնացած բոլոր նառատիվները։

Թումանյանական "Անխելք Մարդու" կերպարը շատ լավ նկարագրում է մեր ներկայի վիճակը, երբ անվտանգության, հարստության և երջանկության նախադրյալները աչքներիս առաջ առկա են, բայց մենք տարօրինակ համառությամբ շարունակում ենք դրանք փնտրել օտար ու ամայի ճանապարհներին»,-գրել է նա։